Ռիտա Սարգսյանը անակնկալի է բերել Կարեն Դեմիրճյանի կնոջը՝ տիկին Ռիմային

RitaՀոկտեմբերի 2-ին Կարեն Դեմիրճյանի կնոջ՝ Ռիմա Դեմիրճյանի 80-ամյակն էր: Տիկին Ռիման իր ծննդյան տոնը որոշել է անցկացնել Կարեն Դեմիրճյանի անվան թանգարանում եւ հաճելի անակնկալի եկել: «Ամենամեծ անակնկալն այն էր, որ առաջին տիկին Ռիտա Սարգսյանն ուղարկեց շատ շքեղ ծաղկեփունջ եւ նվեր: Ես նույնիսկ սկզբից շփոթվեցի: Գիտեք, դա հարգանքի նշան է եւ պատիվ է բերում իրեն, որ նա չնայած ամբողջ քաղաքական դաշտի ոչ հաճելի մթնոլորտին, այդ քայլին գնաց: Նա  պարզապես հարգեց իմ հասակը, հարգեց ինձ՝ որպես անձնավորություն եւ որպես գրքի հեղինակ: Ինձ հասավ տեղեկություն, որ նա կարդացել է, հավանել է իմ «Հիշատակ» գիրքը: Ես շնորհակալ եմ նրան»,- Aravot.am-ի հետ զրույցում պատմեց տիկին Դեմիրճյանը:

Ռիտա Սարգսյանը նաեւ մոտ մեկ տարի առաջ այցելել է թանգարան. «Շատ պարզ, անմիջական ձեւով շփվեց մեր կոլեկտիվի հետ, նստեց, զրուցեց ահագին: Ես նման բաներ մարդկանց մեջ հարգում եմ: Այսինքն, քաղաքական մանրուքների մեջ, մեծ ու փոքր տարաձայնությունների մեջ չմտավ, ոչ մի քաղաքական հարց չշոշափեց: Պարզապես նա իր հարգանքը ցուցաբերեց, որովհետեւ ասել էր, որ ես Կարեն Սերոբիչին այդպես չէի ճանաչում, ինչպես ճանաչեցի «Հիշատակ» գրքի միջոցով»: Տիկին Դեմիրճյանը նաեւ շատ շոյվել էր Երեւանի քաղաքապետարանի ուշադրությունից. «Ստեղծվեցին այնպիսի հանգամանքներ, որ ես չէի կարող ամսի 2-ին տանը նստել: Այստեղ շատ ժողովուրդ էր հավաքվել: Դա նույնպես անակնկալ էր: Հաջորդ անակնկալն այն էր, որ քաղաքապետարանից եկավ մշակույթի բաժնի պետը: Դա իրոք անակնկալ էր, որովհետեւ նախկին քաղաքապետարանի դեպքում  մեզ բացարձակապես ուշադրություն չէին դարձնում: Ես իմ շնորհակալությունը հայտնեցի քաղաքապետարանին եւ քաղաքապետին, որ հետեւում է եւ ուշադիր է: Ես  զգացի, որ այս քաղաքապետարանում հավաքվել են լավ երիտասարդներ՝ եռանդուն, աշխատող: Դա ինձ ուրախացրեց, գուցե ինչ-որ արդյունքներ լինեն, տեսնենք»: Ռիմա Դեմիրճյանը նաեւ պատմեց, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն է շատ ուշադիր թանգարանի նկատմամբ, պարբերաբար աջակցում է: Թանգարան այցելել է նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

aravot.am

Tags: