Կմեծարվի լեգենդար «ԱՐԱՐԱՏ-73»-ը

ffa540 տարի առաջ, 1973 թվականի հոկտեմբերի 10-ին, Մոսկվայի «Վ. Ի. Լենինի անվան կենտրոնական մարզադաշտում» կայացավ Երևանի «Արարատի» և Կիևի «Դինամոյի» ֆուտբոլային պատմական հանդիպումը, որտեղ Երևանի «Արարատը» 2:1 հաշվով հաղթելով  «Դինամոյին» նվաճեց Խորհրդային Միության բյուրեղապակյա գավաթը: Այսօր էլ հայկական ֆուտբոլի երկրպագուների հիշողության մեջ թարմ են  «Արարատի» անզուգական խաղն ու Լևոն Իշտոյանի երկու հաղթական գոլերը:

Այդ հանդիպումից օրեր անց, Երեւանի «Հրազդան» մարզադաշտում կայացավ Երեւանի «Արարատի» և Լենինգրադի «Զենիթի» հանդիպումը, որտեղ «Արարատի» անփոխարինելի ավագ Հովհաննես Զանազանյանի և Էդուարդ Մարգարովի հրաշալի գոլերի արդյունքով, 3:2 հաշվով հաղթելով լենինգրադցիներին, «Արարատը» նվաճեց նաև Խորհրդային Միության չեմպիոնի տիտղոսը:

Երևանի «Արարատը» դարձավ 6-րդ թիմը, որը մեկ խաղաշրջանում նվաճում էր ԽՍՀՄ չեմպիոնի և ԽՍՀՄ գավաթակրի տիտղոսները:

«Հայկական ֆուտբոլի լեգենդը՝ «Արարատ-73»-ը, 40 տարի անց,  հոկտեմբերի 10-ին. ՄԵԾԱՐՈՒՄ ». այս խորագրով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան «Արարատի» փառահեղ հաղթանակի օրը, հոկտեմբերի 10-ին կմեծարի հայկական ֆուտբոլի լեգենդար թիմի ֆուտբոլիստներին, մարզիչներին, վետերաններին: ՀՖՖ նախագահի հրավերով Երևան կժամանի լեգենդար մարզիչ Նիկիտա Սիմոնյանը:  Տարբեր երկրներից Երեւան կժամանեն նաև «Արարատ-73»-ի աստղերից Լևոն Իշտոյանը, Սերգեյ Բոնդարենկոն, Նազար Պետրոսյանը, Արմեն Սարգսյանը, Արկադի Հարությունյանը և ամբողջ թիմը՝ իր հռչակավոր գլխավոր մարզչի ղեկավարությամբ, կրկին կհավաքվի մեկ հարկի տակ:

Տոնական հանդիսավոր երեկոյին սպասվում են բազմաթիվ անակնկալներ և հաճելի պահեր:

Tags: , ,