ԱԺ ճեպազրույցների ժամին «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն, անդրադառնալով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հայտարարությանը` Զարուհի Փաստանջյանին ԵԽԽՎ պատվիրակության կազմից հանելու վերաբերյալ, ասաց. «Նախ, պետք է Ազգային ժողովի նախագահն այդ հարցով դիմի խմբակցությանը, մենք նման դիմում դեռ չենք ստացել, որից հետո խմբակցությունը պետք է որոշում կայացնի: Իսկ թե ինչ որոշում կկայացվի, դժվար է ասել»:
Ռուբեն Հակոբյանն ինքը դեմ է ԱԺ նախագահի հայտարարությանը և հաշվի առնելով շատ հանգամանքներ ու զարգացումներ, նա խորհուրդ էր տվել վերջինիս չշտապել և նման հայտարարություն չանել, որպեսզի դա չօգտագործվի պետության դեմ և տպավորություն չստեղծի, թե այստեղ հետապնդումներ են տեղի ունենում ընդդիմադիր գործիչների նկատմամբ:
Միաժամանակ, պատգամավորը չի կարծում, որ իշխանությունն այս հնարավորությունը կօգտագործի հետապնդումներ իրականացնելու ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ:
Ռուբեն Հակոբյանը նաև նշեց, որ «Ժառանգություն» կուսակցությունում դեռ չեն քննարկել Զարուհի Փոստանջյանի հարցը, բայց հավանաբար քննարկում կլինի, երբ վերջինս վաղը վերադառնա Ստրասբուրգից:
Tags: Ազգային ժողով