Հայերը մեզ դատապարտում են, սակայն մենք այստեղ 100 հազար փախստական հայի ենք կերակրում. Մուսթաֆա Դեսթիջի

batmanԹուրքական Մեծ միասնություն կուսակցության նախագահ Մուսթաֆա Դեսթիջին և նրա կուսակցականները Բաթմանում մասնակցել են հարավ-արևելյան Անատոլիայի ընդլայնմանը վերաբերող ժողովին, որի ընթացքում Դեսթիջին խոսել է Թուրքիայում անօրինական ապրող հայերի մասին: Այս մասին է գրում թուրքական «Star» թերթը: «PKK-ն և նրա քաղաքական օրգանները չեն պատկանում մեր հավատքին, չեն կրում մեր նկրտումները: Նրանք աշխատում են տարածաշրջանում վերացնել իսլամիզմը: Նրանց վերջնական նպատակը տարածաշրջանում ըստ իրենց հավատքի և փիլիսոփայության սոցիալիստական մի պետական միավորում ստեղծելն է: Մենք կտանք մեր ողջ կյանքը, արյունը, ունեցվածքը, սակայն թույլ չենք տա, որ այս հողում ապրեցվեն այլ արժեքներ: Թուրքիայում 100 հազար փախստական հայ կա: Նրանց չեմ համարում մեր քաղաքացիներ: Ինչպե՞ս է լինում, որ մի հայ հոգևորական համարձակվում է ասել, որ Թունջելիի (Դերսիմ) 90 տոկոսը հայ է: Մենք այսքան բարեհամբույր ենք, սակայն Հայաստանում Թուրքիայի ոչ մի քաղաքացի չենք կարող գտնել: Թուրքիայում 100 հազար փախստական հայ կա: Նրանք աշխատում են մեզ դատապարտել, իսկ մենք այստեղ 100 հազարի ենք կերակրում: Մենք այդչափ բարեհամբույր հասարակություն ենք»,-ասել է Դեսթիջին:

Tags: