ՄԱԿ-ի մարդու իրավունքների ոլորտի փորձագետներն Ադրբեջանի իշխանություններին կոչ են արել հոկտեմբերի 9-ին կայանալիք նախագահական ընտրությունների նախաշեմին սատարել իրավապաշտպանների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների աշխատանքին: Այս մասին ասված է ՄԱԿ-ի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում, տեղեկացնում է “Հագին” կայքը:
Հաղորդագրությունում ՄԱԿ-ի ներկայացուցիչները մտահոգություն են հայտնել այն կապակցությամբ, որ երկրում “իրավապաշտպանների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների գործունեությանը խոչընդոտող մթնոլորտ է ձևավորվել”:
Փորձագետներին հատկապես անհանգստացնում են Ադրբեջանում լրագրողներին հետապնդելու և վախեցնելու դեպքերը, ներառյալ՝ անհիմն դատական գործերը:
Նրանք ընդգծել են, որ սահմանափակումները վնաս են հասցնում ամբողջ հասարակությանը՝ հատկապես ընտրությունների համատեքստում: Փորձագետները կոչ են արել իշխանություններին իրականացնել զրպարտության ապաքրեականացման ծրագիրը, որի մասին իրենք հայտարարել էին 2012թ.-ի գործողությունների ազգային ծրագրի ժամանակ:
Հայտարարությունը ստորագրել են իրավապաշտպանների վիճակի հարցով հատուկ զեկուցող Մարգարեթ Սեկագիան, խաղաղ հանրահավաքների և միությունների ազատության իրավունքի հարցերով հատուկ զեկուցող Մայնա Կայը և կարծիքի ու դրա ազատ արտահայտման հարցով հատուկ զեկուցող Ֆրանկ Լա Ռուեն:
Tags: ադրբեջան
