Հանրապետության երկրորդ քաղաքում անձրևներից հետո մի շարք փողոցներ հիշեցնում են Վենետիկը: Անձրևաջրերը կուտակվում ու օրերով չեն ցամաքում` խնդիրներ ստեղծելով տարածքի բնակիչների համար:
Գյումրին գրեթե չունի կոյուղային համակարգ, իսկ սելավատարներ ոչ բոլոր փողոցներում կան, արդյունքում, ջուրը լճանում է փողոցում, ներծծվում ասֆալտաշերտի մեջ, եթե կա, և թուլացնում այն:
Վիճակն ավելի վատ է երկրորդական փողոցներում. այստեղ ասֆալտը երազանք է, իսկ ջրափոսերը միշտ լեփ-լեցուն:
Մինչ հանրապետության շատ շրջաններում ձյան տեղումներ են, Գյումրիում հորդ անձրև, թեև մարզի բարձրադիր գոտիներում արդեն ձյուն տեղացել է: Մասնավորապես երկու օր առաջ Բավրայում տեսանելի էր ձյան բարակ շերտը, երեկ արդեն ձնապատ էին Գյումրիին հարակից հյուսիսային սարերը:
