Նոբելյան շաբաթ.ալերգիայի, քաղցկեղի կամ էլ խլության դեմ պայքար

o_463225Այսօր մեկնարկել է Նոբելյան շաբաթը` թվով 112-րդը, որի ընթացքում հայտնի կդառնան 2013-ի գիտության բոլոր ճյուղերի դափնեկիրները: Առաջինը հայտնի կդառնան բժշկության ոլորտի դափնեկիրները:  Ալֆրեդ Նոբելի կտակի համաձայն, այս անվանակարգում հաղթողներին ընտրում է Ստոկհոլմի Կարոլինյան ինստիտուտը` աշխարհի կրթական ու գիտաբժշկական առաջատար կենտրոններից մեկը, որը հիմնվել է 1810-ին:

Նոբելյան կոմիտեն մինչև վերջին պահը ոչինչ չի հայտնում ոչ թեկնածուների, ոչ էլ նրանց թեկնածությունը դնողների մասին, դրա համար էլ փորձագետներին մնում է ընդամենը գլխի ընկնել այդ հաշվով: Այս տարի  առաջ է քաշված գերմանուհի Ինգեբորգ Հոխմայրի, ավստրալացի Գրեմ Կլարկի ու ամերիկացի Բլեյք Ուիլսոնի թեկնածությունը: Նրանց աշխատանքներն օգնել են ստեղծելու կոխլեար իմպլանտանտ, որի շնորհիվ վերականգնվել է  մոլորակի ավելի քան 200 հազար մարդկանց լսողությունը:

Կոմիտեն կարող է նշել նաև գիտնականների մշակումները զանազան գենետիկ հիվանդությունների, այդ թվում` քաղցկեղի  առաջացման պատճառների վերաբերյալ: Հայտնի է, որ էպիգենետիկայի ոլորտում են աշխատում շոտլանդացի Ադրիան Բերդը, իսրայելացիներ  Խաիմ (Հովարդ) Սեդարը և Ահարոն Ռազինը, ամերիկացի Դևիս Էլիսը:

Պարգևի երրորդ թեկնածուներն  են գերմանացի Ֆրանց-Ուլրիխ Հարթլն ու ամերիկացի Արթուր Հորվիչը: Նրանք ուսումնասիրում են, թե ինչպես են սպիտակուցները տեղավորվում տարածական եռաչափ կառույցում: Նման կառույցում սխալները հաճախ հանգեցնում են Ալցհեյմերի  հիվանդության կամ էլ ալերգիաների:

Հոկտեմբերի 8-ին կհայտարարվեն ֆիզիկայի, իսկ 9-ին քիմիայի վերաբերյալ կոմիտեի որոշումները: Հոկտեմբերի 11-ին Օսլոյում կհայտարարվի խաղաղության մրցանակի դափնեկրի անունը, 14-ին` “Նոբելի հիշատակի  տնտեսության  գծով մրցանակակիրները” կորոշվեն, որը սահմանել է Շվեդիայի բանկը 1968-ին: Ավանդաբար, դեռևս հայտնի չէ, թե երբ է հանձնվելու գրականության գծով մրցանակը: Սովորաբար դա տեղի է ունենում հոկտեմբերի հինգշաբթի օրերից մեկի ժամանակ:

Tags: