Այսօր Մեծ Բրիտանիայում աշխատանքն է սկսել Հանցագործությունների դեմ պայքարի ազգային նոր գործակալությունը (National Crime Agency, NCA): Մամուլում այն կոչում են ՀԴԲ-ի նմանօրինակը:
Նոր վարչությունը կզբաղվի կազմակերպված հանցագործությունների, տնտեսական իրավախախտումների, կիբեռհանցագործությունների, երկրի սահմանների պահպանության ու երեխաների պաշտպանության հարցերով: Այս բոլոր ուղղություններով այն կհամագործակցի ոստիկանության բոլոր մակարդակների հետ:
NCA-ն ստեղծվել է մի քանի վարչությունների միաձուլման ճանապարհով: Նոր վարչությանը հատկացվող ֆինանսավորումը 20 %-ով պակաս է միացված վարչությունների ֆինանսավորման համագումարից: Նոր կազմակերպությունը 4500 հաստիք ունի: Ղեկավարում է Կիտ Բրիսթոուն, որը վերջերս Ուորքշիր կոմսությունում զբաղեցնում էր ոստիկանական վարչության պետի պաշտոնը:
Սա Բրիտանիայում ՀԴԲ-ի նմանօրինակը ստեղծելու 3-րդ փորձն է: Մինչ NCA-ն 2006-ից գոյություն ուներ կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գործակալությունը` (SOCA)-ն: Դրանից առաջ 1998-ին գործում էր քրեական հանցագործությունների հետաքննության ազգային վարչությունը` NCS-ը:
ԱՄՆ-ում ՀԴԲ-ն գոյություն ունի 1908-ից: Բացի բրիտանական նմանօրինակի թվարկված գործառույթներից, բյուրոն զբաղվում է նաև հակահետախուզությամբ, ահաբեկչության, կոռուպցիայի ու հանցագործությունների տարբեր տեսակների դեմ պայքարով: ՀԴԲ-ն օգնում է ոստիկանությանը տեղում հետաքննել իրավախախտումների բարդ դեպքերը: Նահանգներում ՀԴԲ-ում է ծառայում շուրջ 36 հազար մարդ:
Tags: մեծ բրիտանիա
