Գյումրիում բացվեց մարզային գրադարանի նոր շենքը

գյումրու գրադարանԱյսօր` գրադարանավարի օրը Գյումրիում նշանավորվեց մարզային գրադարանի նոր շենքի բացմամբ: Երկար տարիներ խոնավ ու անհարմար պայմաններում գոյատևած գրադարանն այսօր արդեն ունի նոր, գեղեցիկ, լուսավոր ու տաք, ընդարձակ պայմաններ: Ցարական ժամանակաշրջանի գանձապետարանի շենքը, որ տիպային կառույց է և համարվում է պատմամշակութային արժեք, մի հատվածի նորոգումից հետո վերծվեց գրագարանի շենքի: Մարզային գրադարանն իր հսկայածավալ գրքային ֆոնդով տեղափոխվեց այստեղ, մոտ մեկ տարի աշխատելուց հետո տեղի ունեցավ պաշտոնական բացումը:

IMG_1226Արարողությանը ներկա էին մարզային ու քաղաքային իշխանությունները, ՀՀ մշակույթի նախարարը, ՄԱԿ-ի զարգացման հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչը, ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպանը: Հենց իտալական կառավարության ֆինանսական աջակցությամբ են կատարվել շինարարական աշխատանքները:
“17 տարի Շիրակի մարզային գրադարանն իր գործունեությունը, այլ ելք չունենալով, ծավալեց այլ գրապահոցային տարածքում: Եվ երկու տարի առաջ, հանգամանքների բերումով, այնպես պատահեց, որ այլևս հնարավոր չէր այդ տարածքում մեր գործունեությունը շարունակել և տիկին Հասմիկ Պողոսյանի շնորհիվ ձեռք բերվեց այս հրաշալի կառույցն ու նվիրվեց մեզ”, – նշեց գրադարանի տնօրեն Գևորգ Ամիրյանը:
“Արդեն մի քանի տարի է պետականորեն նշում ենք գրադարանավարի օրը: Մարզային գրադարանի կոլեկտիվը տասնամյակներ աշխատելով անհարմար, նեղլիկ շինությունում, ստացել է գրականության պահպանման և ընթերցողի հետ աշխատելու լավագույն պայմաններ: Գումարած դրան` ավերումից փրկվել է մարզկենտրոնի պատմաճարտարապետական “Կումայրի” արգելոց-թանգարանի երևելի շինություններից մեկի մի հատվածը”, – ելույթի իր խոսքում ներկաներին դիմեց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը:
Իսկ մշակույթի նախարարն էլ, որ վերջերս հաճախ է լինում Գյումրիում նկատեց. “Երբ մշակույթի նախարարությունն այս շենքը ստացավ որպես պետական սեփականություն, և Իտալիայի կառավարության օժանդակությամբ իրականացվեց այս ծրագիրը, առաջինը մենք մտածեցինք, որ այստեղ պետք է տեղակայվի մարզային գրադարանը”:
Նախարարը նաև նշեց, որ հաջորդ տարի սպասվող աշխատավարձերի բարձրացման ծրագրով կբարձրացվի նաև գրադարանների աշխատողների աշխատավարձերը:

Tags: