Թալիբան խմբավորումը անցած տարի Պակիստանում փորձել էր սպանել 16-ամյա ակտիվիստ Մալալային, որը պայքար էր սկսել աղջիկների կրթության իրավունքի համար: Թալիբանը կրկին աղջկան խիստ սպառնալիքներ է հղել: «Ռադիկալի» հաղորդմամբ՝ խմբավորման խոսնակ Շեհիդուլահ Շեհիդը «ABC» հեռուստատեսության եթերում հայտարարել է, որ հաջորդ անգամ աղջիկը այլևս չի փախչի իրենցից: «Մենք Մալալային թիրախ ենք դարձրել ոչ թե աղջիկների կրթության իրավունքը պաշտպանելու, այլ իսլամիզմի դեմ դուրս գալու համար: Եթե աղջկան կրկին բռնենք, ապա այս անգամ անկասկած կսպանենք և դրանով կհպարտանանք»,-հայտարարել է Շեհիդը:
Երիտասարդ աղջիկը, որը վաղուց արդեն սովորել է սպառնալիքներով լի կյանքին, իր հասցեին ուղղված հերթական քննադատությանը այսպես է արձագանքել. «Աշխարհի բազմաթիվ երկրներում աշակերտները ամեն օր դպրոց են գնում: Դա նրանց առօրյա կյանքի մի մասն է կազմում: Իսկ Պակիստանի նման երկրներում երեխաները կրթության քաղց ունեն: Կրթությունը նրանց համար ադամանդի պես արժեքավոր մի բան է»:
Այն բանից հետո, ինչ Թալիբան շարժումը Պակիստանում փակեց աղջիկների դպրոցները, 11-ամյա Մալալա Յուսուֆզայը սկսեց ակտիվ գործունեություն ծավալել՝ պաշտպանելով իր նման աշակերտուհիների կրթության իրավունքը: Մալալան սկսեց անանուն բլոգ հեղինակել «BBC»-ում՝ դուրս գալով Թալիբանի դեմ: 2012 թվականին աղջիկը դարձավ ծայրահեղականների զոհը՝ ստանալով հրազենային երեք վնասվածք: Բարեբախտաբար նրան հաջողվեց ողջ մնալ և վերականգնվել 3 ամիս տևած բուժումից հետո: Մալալան այժմ գլխավորում է աղջիկների կրթության իրավունքի պաշտպանությամբ զբաղվող իր անունը կրող հիմնադրամը: Նա արժանացել է մի շարք մրցանակների, դարձել Նոբելյան Խաղաղության մրցանակի թեկնածու:
Tags: Թալիբան շարժում
