2013թ-ի հոկտեմբերի 10-ից 18-ը Մոսկվայում տեղի կունենա «Երեք հարյուր վաթսուն աստիճան» արդի գիտական ֆիլմերի երրորդ միջազգային փառատոնը: Փառատոնն անց է կացվում Մոսկվայի կառավարության հովանու ներքո:
«Երեք հարյուր վաթսուն աստիճան» արդի գիտական ֆիլմերի փառատոնի առաջնային նպատակն է գիտության և գիտական աշխատանքի վերաբերյալ հեղինակային վավերագրական ֆիլմերի հավաքագրումն ու ներկայացումը: Փառատոնի չորս մրցութային ծրագրերում ընդգրկված ֆիլմերը վավերագրական կինոլեզվով ներկայացվող իրական պատմություններ են` գիտություն-իրականություն, գիտություն-կյանք շղթայական փոխհարաբերությունների և անհատների կենսակերպի վերաբերյալ:
Հազարավոր կինոփառատոներով հարուստ ժամանակակից կինոաշխարհում` իր ուրույն ուղղվածությամբ առանձնացող այս փառատոնն արդեն իսկ մեծ հեղինակություն է վայելում մասնագետների և հանդիսատեսի լայն շրջանակներում:
Սիրով տեղեկացնում ենք, որ «Երեք հարյուր վաթսուն աստիճան» արդի գիտական ֆիլմերի երրորդ միջազգային փառատոնի ժյուրին կնախագահի Հայաստանի ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը:
Սա հրաշալի առիթ է «Ոսկե ծիրան» և «Երեք հարյուր վաթսուն աստիճան» միջազգային կինոփառատոների փոխհարաբերությունների ամրապնդման և մոտ ապագայում համատեղ ծրարգրերով ներկայանալու համար:
Tags: մշակույթ