Ալպիական ջրածիծառները առանց կանգառի 200 օր անց են կացրել օդում՝ դառնալով երբևէ ամենաերկար թռիչք իրականացրած թռչունները

Alpine Swifts - the longest recorded flightՉվող թռչուններին ուսումնասիրող հետազոտողները պարզել են, որ նրանք առանց կանգառի 200 օր շարունակ թռչում են Աֆրիկայից Եվրոպա:

Գիտնականների խոսքով՝ ալպիական ջրածիծառների 2000 կմ երկարությամբ թռիչքը երբևէ որևէ թռչունի իրականացրած ամենաերկար թռիչքն է:

Չնայած մասնագետները գիտեին, որ ջրածիծառը տարվա մեծ մասը անց է կացնում օդում, սակայն առաջին անգամ էր, որ նրանք նման արդյունքներ էին գրանցում:

Նախքան ձմեռելու նպատակով թռչունների հարավ չվելը՝ Շվեյցարիայի թռչնաբանական ինստիտուտի և Բերնի կիրառական գիտությունների համալսարանի անդամներից բաղկացած թիմը վեց ջրածիծառների վրա փոքրիկ հսկիչ սարքեր էր տեղադրել:

Երբ նրանք վերադարձել էին հյուսիս թիմը կրկին բռնել էր այդ թռչուններին և ուսումնասիրել սարքերի գրանցած տվյալները:

Սարքերը ցույց են տվել, որ թռչունները սեպտեմբերի վերջից մինչև վաղ գարուն անընդհատ շարժման մեջ են եղել և չեն կանգնել:

Չնայած թիմի անդամների որոշ կասկածներին՝ այնուամենայնիվ նրանք պարզել են, որ թռչունները վայրէջք չեն կատարել նույնիսկ քնելու կամ հանգստանալու համար, իսկ գիշերվա մեծ մասը անց են կացրել ճախրելով և ուտելով:

Այս թռչունների սննդակարգը հիմնականում բաղկացած է օդային պլանկտոնից, ուժեղ քամիներից օդ նետված բզեզներից և սարդերից:

Թռչունները թռիչքի ժամանակ կարողանում են ջուր վերցնել լճերից և գետերից:

Սակայն գիտնականները չեն կարողանում հասկանալ, թե ինչու են նրանք այդքան երկար ժամանակ օդում անցկացրել՝ ենթադրելով, որ նրանք խուսափել են գիշատիչներից:

 

Tags: