Սոցիոլոգիական հետազոտությունների “Կանխատեսում” կենտրոնն այսօր կեսօրին հրապարակել է Ադրբեջանում ընթացող նախագահական ընտրությունների վերաբերյալ “exit-poll”-ի միջանկյալ արդյունքները։
Ըստ այդ տվյալների՝ թեկնածուների շրջանում առաջատարն է գործող նախագահ Իլհամ Ալիևը (92.15%), իսկ 2-րդ տեղում է ընդդիմադիր Ջամիլ Հասանլին (6.06%), տեղեկացնում է “Կոնտակտ” կայքը:
Սակայն Ընտրությունների մշտադիտարկման ու ժողովրդավարության ուսուցման կենտրոնի գործադիր քարտուղար Բաշիր Սուլեյմանլին հայտարարել է, որ ընտրությունների ժամանակ հարցումների տվյալների հրապարակումն օրենքի լուրջ խախտում է։ “Բոլոր “exit-poll”-երն էլ վստահություն չեն ներշնչում, քանի որ անցկացվում են կառավարամետ կազմակերպությունների ու նրանց արտասահմանյան գործընկերների կողմից։ Իսկ անկախ կառույցներին թույլ չեն տվել “exit-poll” անցկացնել”,-նշել է Սուլեյմանլին։
Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ևս նշել է, որ քվեարկության ընթացքում հարցման արդյունքները հայտարարելն անօրինական է:
Ըստ կայքի՝ սա իշխանությունների կողմից միակ “վրիպակը” չէ: Այսպես ՝ Ադրբեջանի Կնետրոնական ընտրական հանձնաժողովը երեկ՝ հոկտեմբերի 8-ին, ներկայացրել է “Android” համակարգերով սմարթֆոնների համար ստեղծված ծրագիր, որի միջոցով հնարավոր է հետևել ընտրությունների ընթացքին: Ներբեռնելով այն` օգտատերերն արդեն տեսել են ընտրությունների արդյունքները՝ ըստ որի Ալիևը ստացել է ձայների 72%-ը:
ԿԸՀ ներկայացուցիչ Ազեր Սարաևը նշել է, որ դրա համար պատասխանատուն ծրագիրը պատրաստած ընկերությունն է, որի անունը ինքը չի հիշում:
Tags: ադրբեջան
