Երեքշաբթի աճուրդի տունը հայտարարել է, որ հաջորդ ամիս վաճառքի կհանվեն բժշկի այն գրառումները և ռենտգենյան հետազոտության արդյուքները, որոնք վկայում են, որ Հոլիվուդի սեքս խորհրդանիշ Մերիլին Մոնրոն պլաստիկ վիրահատություն է անցել:
Կալիֆոռնիայի Բեվեռլի հիլզում գտնվող Ժյուլեն աճուրդի տունը նշում է, որ 1950-1962թթ. ընթացքում դերասանուհու վիրահատությունների վերաբերյալ բժշկի գրառումները և ռենտգենյան հետազոտության արդյունքները վաճառքի կհանվեն նոյեմբերի 9-ին և 10-ին: Սպասվում է, որ դրանք կվաճառվեն 15000-30000 դոլարի սահմաններում:
Հոլիվուդյան պլաստիկ վիրաբույժ Մայքլ Գուրդինի գրառումները հաստատում են կասկածները, որ գլամուրի մարմնացում և հոլիվուդյան կինոարտադրությունում գեղեցկության չափանիշ սահմանած Մոնրոն կոսմետիկ նպատակներով վիրահատություն է անցել:
Այդ փաստաթղթերի վաճառողի անունը չի հրապարկվել, միայն նշվում է, որ նա դրանք նվեր է ստացել Գուրդինից:
Փաստաթղթերում նշվում է, որ Մոնրոյին 1950թ-ին ծնոտի իմպլանտ են տեղադրել վիրահատությամբ, իսկ նրա լավագույն ֆիլմերը նկարահանվել են 1950թ-ից հետո:
Ռենտգենյան հետազոտությունները ընդգրկում են դերասանուհու դիմային ոսկորների, քթային ոսկորների և բերանի խոռոչի վերին հատվածի նկարները:
Մոնրոյի ծնոտի ռենտգենյան հետազոտման 1954թ-ին արված երեք նկարները 2010թ-ին աճուրդում վաճառվել են 45,000 դոլարով:
Բեվեռլի հիլզի պլաստիկ վիրաբույժ Նորման Լիֆը 2010թ-ին հրապարակված իր հուշերում պնդում էր, որ Մոնրոն ծնոտի, քթի վիրահատություններ է անցել:
Բժշկի գրառումներում նշված էր նաև, որ Մոնրոն նեյտրոպենիա կոչվող հիվանդություն ուներ (արյան սպիտակ գնդիկների սակավություն) և 1957 թ-ին արտաարգանդային հղիություն էր տարել:
