Չկա առողջություն առանց հոգեկան առողջության. այսօր հոգեկան առողջության համաշխարհային օրն է

հոգեկան առողջության օր1992 թվականից Հոգեկան առողջության համաշխարհային համադաշնության նախաձեռնությամբ հոկտեմբերի 10-ը նշվում է որպես հոգեկան առողջության համաշխարհային օր:

Ոչ ոք ապահովագրված չէ հոգեկան խանգարումներից։ Ցանկացած մարդ, անկախ տարիքից, սեռից, սոցիալ-տնտեսական կարգավիճակից, հասարակության մեջ գրաված դիրքից, կարող է ունենալ հոգեկան առողջության տարաբնույթ խնդիրներ: Այդ իսկ պատճառով ավելի ու ավելի է կարևորվում հասարակության բոլոր շերտերի իրազեկվածությունն այդ երևույթի վերաբերյալ:

Հոգեկան առողջության օրվա խորհուրդն է հասարակության ուշադրությունը հրավիրել հոգեկան առողջության հիմնախնդիրների վրա: Որպեսզի հոգեկան առողջության խնդրի մասին մտածեն ոչ միայն խանգարումներ ունեցողներն ու նրանց ընտանիքի անդամներն ու բուժանձնակազմը, այլև ողջ հասարակությունը` այդ թվում նաև քաղաքականություն կառուցողները:

«Հոգեկան առողջություն և տարեցներ». այս տարի այսպիսի կարգախոս է հռչակվել Հոգեկան առողջության համաշխարհային համադաշնության կողմից։

Առողջապահության համաշխարհային կազամակերպության (ԱՀԿ) հաշվարկներով ներկայումս ամբողջ աշխարհում 60-ից բարձր տարիք ունեցողների թիվն ավելի քան 800 միլիոն է: Կանխատեսումները վկայում են, որ 2050 թվականին նրանց թիվը կլինի մոտ երկու միլիարդ: Տարեց մարդկանց մոտ հիմնականում ի հայտ են գալիս հետևյալ հոգեկան խանգարումները` թուլամտություն, դեպրեսիա և տագնապներ, ինչպես նաև համակցություն առողջական տարբեր խնդիրների հետ, ներառյալ` սիրտ անոթային խանգարումների, քաղցկեղի և դիաբետի հետ:

ԱՀԿ տվյալներով` Ալցհեյմերի հիվանդությամբ տառապում է 60-ից բարձր տարիքի մարդկանց 4.7%-ը։ Վիճակագրությունը փաստում է, որ այս ցուցանիշը յուրաքանչյուր քսան տարին մեկ կրկնապատկվում է և այդ հաշվարկներով 2050 թվականին 60-ից բարձր 115.4 միլիոն մարդ կունենա այդ հիվանդությունը:

Տարեցների շուրջ 10%-ի մոտ առկա են տագնապներ, խուճապ և ֆոբիաներ:

Տարեցների հոգեկան առողջության խնդիրների լուծման գործում կարևորվում է աշխատանքը տարեցների խնամողների և ընտանիքների հետ: Մի կողմից մեծ է նրանց դերը տարեցների արժանապատիվ ծերության ապահովման գործում, մյուս կողմից նրանք ևս առանձնահատուկ ուշադրության կարիք ունեն:

Հայաստանի Հանրապետությունում այսօր հաշվառված է հոգեկան և վարքային խանգարում ունեցող 45 հազար մարդ։

Tags: