Հեռուստամարաթոն 2013-ի դրամահավաքը կուղղվի Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի կառուցմանը

Vardenis Martakert Highway Հիմնադրամի Հեռուստամարաթոն 2013-ի դրամահավաքի արդյունքում հավաքագրված միջոցները կուղղվեն Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի կառուցմանը: Սա կլինի Հիմնադրամի գործունեության ընթացքում համահայկական ջանքերով կառուցված երրորդ խոշոր ավտոճանապարհը /մոտ 116կմ/, որի կառուցումն ու բարեկարգումը մեծ խթան կհանդիսանա մեր երկու հանրապետությունների սոցիալ-տնտեսական կյանքի զարգացման համար: Այսօր դժվար է թերագնահատել մեկը մյուսին հաջորդած «Գորիս-Ստեփանակերտ» եւ «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղիներիի կարեւորությունն ու ազդեցությունը Հայաստանի եւ Արցախի տնտեսությունների եւ դրանով պայմանավորված` բնակչության կենսամակարդակի վրա:

Այս ավտոմայրուղիները Հիմնադրամին հնարավորություն ընձեռեցին արդյունավետ ձեւով եւ առավել կարճ ժամկետներում Լեռնային Ղարաբաղի գյուղերում եւ քաղաքներում կյանքի կոչել կարեւորագույն ենթակառուցվածքներ. կառուցվեցին եւ վերակառուցվեցին դպրոցներ, բուժհաստատություններ, ջրամատակարարման ու գազամատակարարման համակարգեր, մշակութային հաստատություններ եւ այլն:

Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհն արդեն իսկ անհրաժեշտություն դարձած այլըտրանքային ճանապարհ է, որն ուղիղ կապ է հաստատում Հայաստանի եւ Արցախի հյուսիսային շրջանների միջեւ` զգալիորրեն կրճատելով այն տարածությունը, որն այսօր անցնում են Գորիս-Ստեփանակերտ մայրուղով: Ճանապարհի գործարկումը կաշխուժացնի միջհամայնքային կապը (որն առ այսօր հնարավոր էր միայն Բերձորի համայնքի միջոցով), ինչպես նաեւ նոր խթան կհանդիսանա հարակից համայնքների բնակչության կյանքի պայմանների բարելավման համար:

Ճանապարհի բարեկարգումը ենթադրում է ոչ միայն ասֆալտապատում, այլեւ ճանապարհաշինության  մի շարք չափորոշիչների ապահովում` ներառյալ  ճանապարհի ջրահեռացման, ձյունապաշտպան միջոցների, արգելափակոցների ապահովում: Տեղ-տեղ առաջացած սողանքային երեւույթների եւ հնարավոր հետեւանքների կանխարգելումը եւս խիստ կարեւոր է ճանապարհի անվտանգ շահագործումն  իրականացնելու համար, ինչի նպատակով ճանապարհի որոշ հատվածներում կկառուցվեն հենապատեր, ափապաշտպան կառույցներ, կկատարվեն քարաթափման աշխատանքներ: Կառուցման աշխատանքների ավարտից հետո ճանապարհը կնշագծվի եւ կկահավորվի համապատասխան նշաներով: Կառուցվող ճանապարհի վրա անհրաժեշտ կլինի վերանորոգել թվով 16 կամուրջ:

Ճանապարհի կառուցումն ու մշտական ավտոհաղորդակցությունն իր ուղղակի ազդեցությունը կունենա ճանապարհից մինչեւ երկու տասնյակ կիլոմետր հեռավորության վրա տարածվող համայնքների բնակիչների սոցիալ- տնտեսական կյանքի վրա: Ճանապարհից մինչեւ 2-3կմ հեռավորության վրա ընկած  համայնքներն  են Դրմբոնը, Կոճողուտը, Վերին Հոռաթաղը, Վաղուհասը, Հաթերքը, Գետավանը, Չափարը, Խնկավանը,  Չարեքթարը, Նոր Էրքեջը, Դադիվանքը, Նոր գետաշենը, Քնարավանը, Եղեգնուտը: Շահառու համայնքների թվում կլինեն նաեւ 5կմ եւ ավելի հեռավորության վրա գտնվող համայնքները, այդ թվում Քարվաճառի շրջկենտրոնը, Նոր Ղարաչինար, Հարութագոմեր, Զարդախաչ, Համշակ, Չափնի, Չինավան, Նոր Խարխապուր, Շիկքար, Նոր Բրաջուր, Եղցին, Զովք, Նոր Վերնաշեն, Մշենի, Նոր Մանաշիդ գյուղերը:

Հայաստան համահայկական հիմնադրամ

Tags: