Լիբանանի հայոց թեմը ընտրեց նոր առաջնորդ, նախկին առաջնորդի հրաժարման պատճառները թողնելով կասկած հարուցող մշուշի մեջ

Gegham Arch. KhacherianՄեծի Տանն Կիլիկո կաթողիկոսության կայքէջից տեղեկանում ենք, որ երկուշաբթի 7 hոկտեմբերի 2013-ին, Լիբանանի հայոց թեմի Ազգային երեսփոխանական ժողովը Տ. Շահե եպիսկոպոս Փանոսյանին ընտրել է որպես թեմի նոր առաջնորդ:

Հետաքրքիր է, որ Կաթողիկոսության կայքէջը ցայժմ լրատվություն չի կատարել նախկին առաջնորդի՝ Տ. Գեղամ արք. Խաչերյանի, անսպասելիորեն, պաշտոնից հրաժարվելու եւ հրաժարականի պատճառների մասին, ինչը ՀՕԴՍ Է ՑՆԴԵՑՆՈՒՄ Անթիլիասի գահակալի թափանցիկության եւ ժողովրդավարության մասին կատարած ճառերը եւ Հայ Եկեղեցու առօրյայով ու ճակատագրով հետաքրքրվողների մոտ առաջացնում մեծ հարցական:

Տ. Գեղամ արք. Խաչերյանն, առաջնորդի հանգամանքում, հոկտեմբերի 6-ին, մատուցած իր վերջին Պատարագի ավարտին տված քարոզում, ի միջի այլոց, շեշտել էր, որ իր առաջնորդության 18 տարիների ընթացքում իր բնաբանը եղել է՝ «կատարել ինչ որ ճշմարիտ է», եւ փորձել է այդ բնաբանը իր կեանքի, գործի, պատասխանատվության ուղեցույց դարձնել եւ կատարել ինչ որ ճշմարիտ ու արդար է ժողովրդի համար:

Առաջնորդը նշել է, որ լույսի ու խավարի պայքարը ամեն օր կապրինք եւ մարդիկ կգործեն մութին մեջ, այսինքն` կմերժեն ճշմարիտը:

«Մենք պիտի ջանանք ըլլալ լույսի մեջ գործողներ, լույսի որդիներ, որովհետեւ խավարի մեջ գործողներու արարքները սխալ են… ճշմարտությունները արժեքներ են, որոնք չեն կորսվիր», շեշտել է Սրբազանը` շնորհակալություն հայտնելով Աստծուն, որ 18 տարիների ընթացքում զորացրեց իրեն, որպէսզի կարողանա գործը կատարել իր կամքի եւ ժողովրդի կամքի համեմատ:

Հիշեցնենք, Լիբանանի հայոց թեմի, 51 ամյա, առաջնորդ Տ. Գեղամ արք. Խաչերյանը, 10 սեպտեմբեր 2013-ին, Ազգային երեսփոխանական ժողովի արտակարգ նիստի ընթացքում ներկայացրել էր իր հրաժարականը: Իսկ Լիբանանի ՀԹ առաջնորդարանի Դիվանը Սրբազան Հոր հրաժարականի որպես պատճառ միայն հիշատակել էր՝ «գերհոգնածությունը», որ նկատի ունենալով Սրբազան Հոր երիտասարդ տարիքն ու նաեւ, ընդամենը, ժամեր առաջ նրա աշխույժ գործունեությունը, ՄԵՂՄ ասած՝ դժվար է հավատալ:

Մյուս կողմից՝ Լիբանանի ՀԹ առաջնորդարանի դիվանապետ Աբիկ Տանակոզյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշել է, որ «որևէ ներքին կոնֆլիկտ չկա», եւ իր խոսքին, որպես ապացույց, հավելել է, որ. «ի պատիվ Գեղամ սրբազանի ճաշկերույթ ենք կազմակերպել»:

Իսկ այն հարցին թե՝ հնարավո՞ր է արդյոք Գեղամ սրբազանը այլևս Լիբանանում չմնա, դիվանապետը պատասխանել է, որ նմանատիպ հարցերը որոշում է Արամ Ա վեհափառը, և նա պետք է որոշի, թե որ գաղութում ծառայություն կմատուցի Սրբազան Հայրը»:

 

«Արաքս» շաբաթաթերթ, Թեհրան, 10 հոկտեմբերի 2013թ.