Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այսօր ամփոփեց պաշտոնավարման մեկ տարին: Հրավիրված հաշվետու ասուլիսում քաղաքապետը նախ հանդես եկավ կատարած աշխատանքների ամփոփ տեղեկատվությամբ, ապա պատասխանեց լրագրողների հարցերին:
Սամվել Բալասանյանը կարևորեց այս մեկ տարում քաղաքի ու քաղաքապետարանի ձեռքբերումները: Նշեց, որ 2012թ. նոյեմբերի 1-ի դրությամբ քաղաքի ունեցած 1 մլրդ 58 մլն դրամի պարտքից այսօր վճարելու մնացել է 81 մլն-ը: Փակվել են աշխատավարձերի կուտակված պարտքերը, այժմ նոր պարտքեր չեն գոյացել, իսկ աշխատավարձերը վճարվում են սահմանված ժամկետներում:
Հոկտեմբերի 1-ի դրությամբ քաղաքի բյուջեի սեփական եկամուտների վարչական մասի կատարողականը կազմում է 85%, ֆոնդային մասի կատարողականը՝ 29%: Համայնքի միջոցներով կատարվել են մոտ 410 մլն դրամի ասֆալտապատում: Երթուղի են դուրս բերվել 10 նոր ավտոբուսներ, քաղաքում տեղադրվել են նոր նստարաններ, կարգավորվել է աղբահանությունը, մեծ նվաճումներ ու առաջընթաց կա սպորտի և արտաքին կապերի ոլորտում և այլն:
“Ֆոնդային բյուջեի հետ կապված ունենք լուրջ խնդիրներ: Հաշվեկշռում ունենք նյութական արժեքներ՝ շենք-շինություններ, հողեր, բայց երբ աճուրդի պրոցես է գնում, ուսումնասիրությունները պարզում են, որ այդ հողերը վաճառված են”, – ասում է Սամվել Բալասանյանը:
Որպես ձեռքբերումների առաջին կետ քաղաքապետն առանձնացրեց հատկապես ավագանու ինստիտուտի կայացումը. անցկացվել է 11 նիստ, ընդունվել 157 որոշում, ստեղծվել է ավագանու կազմում մշտական գործող 4 հանձնաժողով: Ավագանու նիստերը, սկսած առաջինից, հեռարձակվում են համացանցով:
Քաղաքապետարանը ստացել է 4513 դիմում, 1196-ը՝ օգնություն ստանալու խնդրանքով, 960 ընտանիքի ցուցաբերվել է աջակցություն՝ սնունդի և հագուստի տեսքով:
Հարցին, թե ինչ թերություններ կան, քաղաքապետը պատասխանեց. “Մենք ունենք շատ-շատ բաղթողումներ, թերություններ: Դրանք են՝ նույն ասֆալտապատումը, աշխատատեղերը, անօթևան վիճակը, նույն շինարարական աղբը կուտակված է: Սա անելու ենք”:
Հարցին էլ, թե Գյումրու քաղաքապետի ընտրություններից առաջ ասվում էր, որ Սամվել Բալասանյանը գալու է Գյումրու բարոյահոգեբանական մթնոլորտը փոխելու, արդյո՞ք հաջողվել է, նշեց. “Ինչ-որ տեղ փոխեցինք: Փոխվեց այն իրավիճակը, որը կար: Հայրապետյան Սերգեյը մի լավ բառ էր օգտագործել՝ մի քիչ քաղքոտել ենք, այսինքն ինչ-որ քաղաքատիպ իրավիճակի ենք եկել: Երբ փողոց ես դուրս գալիս, տեսնում ես կանաչապատ տեղեր, ավտոբուսներ, կանգառներ, գեղեցիկ ցուցանակներ… Հիմա, որ ասեմ՝ Փարիզը միանգամից սարքվեց ու թերություններ չունի, սուտ կլինի: Եթե քաղաքային տնտեսություն ես՝ ունես թերություններ, և դրանք պետք է կարողանաս վերացնել: Մենք կփորձենք տարիների ընթացքում այդ ամենը կանոնակարգել: Բնականաբար, հաջորդ տարվա հաշվետվության ժամանակ մենք լուրջ ձեռքբերումներ կունենաք: Եթե չունենանք, դանդաղ լինի այդ ամենը՝ մեր ժողովուրդը նորից արտագաղթած կլինի, հույսն ու հավատը կորցրած կլինի, ոչ մի հոգեբանական մթնոլորտ փոխված չի լինի”:
Tags: գյումրի, քաղաքական