Այսօր Հայաստանի գրողների միությունում կայացավ “Լավագույն գիտական և ստեղծագործական աշխատանքի” համահայկական մրցանակաբաշխության արդյունքների ամփոփումը և հաղթողների պարգևատրումը: Միջոցառմանը ներկա էին սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: Մրցանակաբաշխությունը հիմնադրել է Ռուսաստանի հայերի միությունը և համաշխարհային հայկական կոնգրեսը` պր. Աբրահամյանի գլխավորությամբ, որին այնուհետև միացել են մեր ստեղծագործական միությունները և սփյուռքի նախարարությունը:
Մրցանակաբաշխությանը ներկայացված են եղել 42 աշխատանք 11 անվանակարգի համար:
Անվանակարգերը հետևյալներն էին` ֆիզիկա, մաթեմատիկա և մեխանիկա, տեխնիկական գիտություններ, քիմիա, կենսաբանություն, սոցիոլոգիա և իրավագիտություն, երկրաբանություն, արվեստ, լեզու, գրականություն:
Ամեն մի անվանակարգում կա առաջին և երկրերդ մրցանակ:
Պարգևատրումներ ստացան ինչպես բնական գիտությունների մասնագետները, այնպես էլ այն ԶԼՄ-ների խմբագիրներն ու լրագրողներն, որոնք հաճախ են անդրադառնում սփյուռքահայությանը, նրանց խնդրիներին, ինչպես նաև հայոց բանակին:
Կերպարվեստի գործիչների լավագույն աշխատանքների ցուցադրումը հոկտեմբերի 9-ին տեղի ունեցավ նկարիչների միությունում և շուրջ 300 աշխատանքներից ընտրվեցին մի քանիսը, որոնք այսօր ևս պարգևատրվեցին, նրանց թվում էին գեղանկարիչներ Զոհրապ Միրզոյանը, Խաչատուր Ազիզյանը, Վարդգես Գուլիկյանը, քանդակագործներ Մուշեղ Պետրոսյանը, Բազդասար Սարգսյանը և այլք:
Այս մրցանակաբաշխության նպատակն է համախմբել համայն հայությանը և տարեցտարի նրա աշխարհագրական սահմաններն էլ ավելի են ընդլայնվում դառնալով իսկապես համահայկական:
Լուսինե Ասատրյան
