ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի կողմից այսօր նախարարության ոսկե մեդալով պարգևատրվեց ՀՀ սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն, ՀՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, միջազգային կարգի էքստրա դասի մրցավար, Ազգային անվտանգության հիմնախնդիրների համահայկական ակադեմիաի թղթակից անդամ Լևոն Հայրապետյանը:
Սպորտի զարգացման և տարածման գործում ունեցած ավանդի, ցուցաբերած նվիրվածության և ծննդյան 70- ամյակի առթիվ ԽՍՀՄ և ՀՀ վաստակավոր մարզչին մեդալը հանձնեց փոխնախարար Նազարեթ Մնացականյանն անձամբ՝ այցելելով մարզադպրոց:
Վաստակավոր մարզչի ձեռքբերումները պայմանավորված են նաև իր սաների հաջողությամբ. նա պատրաստել է 100-ից ավելի ԽՍՀՄ և միջազգային կարգի սպորտի վարպետներ` այդ թվում` ԽՍՀՄ առաջին չեմպիոններ, գավաթակիրներ, Աշխարհի և Եվրոպայի չեմպիոններ, 60-ից ավելի համամիութենական և միջազգային մրցումների հաղթողներ ու մրցանակակիրներ:
Իր իսկ հիմնադրած և ղեկավարած մարզադպրոցում պատրաստվել են 70-ից ավելի Աշխարհի և Եվրոպայի չեմպիոններ և մրցանակակիրներ, որոնք նվաճել են 300-ից ավելի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ` ինչպես Աշխարհի, այնպես էլ Եվրոպայի առաջնություններում:
Վաստակաշատ մարզիչը հեղինակել է “Սամբոյի դասընթացներ” և “Ձեռնամարտ” ուսումնա-մարզական ձեռնարկները, ինչպես նաև սամբոյի գծով միջազգային մրցումների կազմակերպման և անցկացման մի շարք ծրագրեր: Նա նաև “Չեմպիոնների դպրոց” գրքի հեղինակն է:
Նշենք, որ հոբելյարին շնորհավորելու էին եկել նրա երբեմնի սաներն ու վաղեմի բարեկամ՝ Զորի Բալայանը:
Tags: սպորտ
