Բանականությունը արտաքին աշխարհը մեր մեջ պատկերացնելն է

DSC05230 Հոկտեմբերի 10-ը հոգեկան առողջության համաշխարհային օրն է: Հոգեկան հիվանդությունների առաջացման պատճառների, դրանց վիճակագրական տվյալների մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել են հոգեբույժ, հոգեբան, Նյու Յորքի բժշկական համալսարանի բժիշկ, պրոֆեսոր Մուշեղ Նաջարյանը և նյարդաբան Նիկոլայ Խաչատրյանը:

 

Ըստ պր. Նաջարյանի հոգեկան հիվանդությունների առաջացման հիմնական աղբյուրը ընտանիքն է, որտեղ առկա նեղությունները, բռնությունը, վարքի խանգարումները /ալկոհոլի օգտագործում, թմրանյութեր/ հիմք են հանդիսանում հոգեկան առողջության վատթարացմանը:

-Այսօր մարդիկ ավելի շատ են դիմում հոգեբաններին և չկան այն կարծրատիպերը կապված հոգեբանների հետ: Մենք դեղորայքային բուժման դիմում ենք միայն ծայրահեղ դեպքերում,-հավելեց հոգեբույժը:

 

Իսկ ահա ըստ նյարդաբան Նիկոլայ Խաչատրյանի այսօր մեր հասարակության մեջ ամեն մի 14-րդ մարդը հոգեկան հիվանդ է, իսկ մեզանից յուրաքանչյուրը պոտենցիալ հոգեկան հիվանդ. “Այսինքն մեզանից ամեն մեկը ժամանակի ընթացքում ձեռք է բերում այդ հիվանդությունը”,-ասաց նա:

 

Հիվանդության 65-70 տոկոսը կապված է սոցիալական սթրեսի հետ: Խաչատրյանի հավելմամբ` սա ուղեղի հիվանդություն է, իսկ մենք գիտենք, որ ուղեղը չգիտենք, այսինքն չկա այս հիվանդության հստակ սահմանումը:

Բանականությունը արտաքին աշխարհը մեր մեջ պատկերացնելն է, իսկ երբ ի հայտ է գալիս հոգեկան հիվանդությունը` այդ պատկերացումը աղավաղվում է:

 

Լուսինե Ասատրյան