Դեռ 2012-ի աշնանը Գյումրիում մեծ աղմուկ բարձրացավ քաղաքապետարանի հաշվեկշռում գրանցված “Չայկա” ավտոմեքենայի շուրջ: Այն աճուրդով 100.000 դրամով գնել էր նախկին քաղաքապետի եղբայրը: Քաղաքապետարանի աշխատակիցները հայտնաբերում են մեքենան, կապարակնիքում, ապա հաջորդ առավոտյան իմանում, որ այն փախցրել են: Հարուցվում է քրեական գործ:
Գյումրու նոր ավագանին 2012թ. նիստերից մեկում որոշում է կայացնում բեկանել նախկին ավագանու որոշումը և հանրահայտ “Չայկան” վերադարձնում քաղաքապետարանի հաշվեկշիռ: Մեքենան օտարվել էր 100.000 դրամով, որը “Գագեման” ՍՊԸ-ն գնահատել էր ընդամենը 75 հազար դրամ: Իսկ անկախ փորձագիտական կենտրոնի կողմից այս նույն մեքենան արժևորվել է 4 մլն 500.000 դրամ:
Այժմ “Չայկայի” համար դատական հայց է ներկայացվել Գյումրու քաղաքապետարանի դեմ.
“Պահանջում են “Չայկեն” վերադարձնենք իրենց, քանի որ անցկացվել է աճուրդ և այնտեղ հաղթող են ճանաչվել: Չնայած, աճուրդի կարգի խիստ խախտում կա, քանի որ հրապարակային սակարկությունների մասին օրենքով աճուրդի կազմակերպչի մերձավոր հարազատներն իրավունք չունեն մասնակցել աճուրդին: Բոլոր դեպքերում նման հայտ է ներկայացվել: Նաև ոչ իրատեսական ծախսեր են ներկայացվել, որ էդ 100.000 դրամ գնված մեքենայի վրա աստղաբաշխական թվեր են ծախսվել, որն իրատեսական չէ: Մոտ 3 մլն-ի կարգի”, – փոխանցում է Գյումրու քաղաքապետի տեղակալ Գագիկ Մալխասյանը:
