ԱՄՆ-ի Հելսինկյան հանձնաժողովը քննադատել է Ադրբեջանում տեղի ունեցած նախագահական ընտրություններն `ընդգծելով, որ “դրանք շատ հեռու են միջազգայնորեն ճանաչված ստանդարտներից”:
“Ադրբեջանի իշխանությունները հստակ ցույց տվեցին, որ իրենք չեն անցկացնում իրական ընտրություններ: Ցավալի է տեսնել, որ Ադրբեջանը բաց թողեց ևս մեկ հնարավորություն, որով կարող էր ցույց տալ իրական ժողովրդավարությանը հավատարիմ լինելը”,- ասել է Հելսինկյան հանձնաժողովի ղեկավար, սենատոր Բեն Քարդին, հաղորդում է “Կոնտակտ” կայքը:
Սենատորը ընդգծել է, որ հիասթափված է ոչ միայն ընտրության օրը գրանցված խախտումներից, այլև վերջին մեկ տարվա ընթացքում ընդդիմության նկատմամբ հետապնդումներ իրականացնելուց, լրագրողներին և քաղաքացիական ակտիվիստներին ձերբակալելուց, ազատ մամուլի նկատմամբ ռեպրեսիաներ կիրառելուց:
Պետքարտուղարությունը ևս քննադատել է հոկտեմբերի 9-ին կայացած նախագահական ընտրությունները:
“Ընտրություններից առաջ ևս Ադրբեջանի կառավարությունը պահպանել է ճնշումների քաղաքական մթնոլորտը: Իշխանությունները հիմնականում խանգարել են մամուլի ազատությանը, բռնություն են կիրառել խաղաղ ցույցերի ցրման համար թե քարոզարշավի ժամանակ, թե դրանից առաջ, կալանավորել են մի շարք ընդդիմադիր և երիտասարդ ակտիվիստների”,- ասել է Պետքարտուղարության մամլո քարտուղար Մարի Հարֆը:
Tags: ադրբեջան