Քննարկվեցին կանանց առողջության խնդիրները

DSC03181 ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր ընդունեց Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Ջոն  Բիլեզիկյանին և Լոս Անջելեսի Երևանի պետական բժշկական համալսարանի շրջանավարտների ասոցիացիայի մի խումբ անդամների։ Այս մասին տեղեկացնում են ԱՆ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

«Ուրախ եմ, որ շարունակում եք Ձեր ծրագրերը Հայաստանում` ուշադրության կենտրոնում պահելով կանանց առողջության խնդիրները»,-ողջունելով  հյուրերին, ասաց նախարարը։

ԱՄՆ-ից ժամանած մասնագետները Դերենիկ Դումանյանի հետ  քննարկեցին թե՛ հերթական այցի շրջանակներում նախատեսվող միջոցառումները, թե՛ նախանշվող հետագա ծրագրերը Հայրենիքում։

Ամերիկահայ բժիշկները ելութներ կունենան Օստեոպորոզին նվիրված 7-րդ միջազգային գիտաժողովում և իրենց փորձը կհաղորդեն մեր մասնագետներին։ Կկազմակերպեն կանանց առողջությանը նվիրված կլոր սեղան, առողջության քայլարշավ, և մի շարք այլ միջոցառումներ։ ԵՊԲՀ-ի շրջանավարտների ասոցիացիայի ղեկավար Մարիամ Մանուկյանը կարևորեց «Առողջ ապագա» ակցիան, որի շրջանակներում ԱՄՆ-ից ժամանած մասնագետները հոկտեմբերի 13-ին Երևանի պետական բժշկական համալսարանի մեծ դահլիճի ճեմասրահում 50 տարեկանից բարձր 1000 և ավելի մարդկանց շրջանում անվճար հետազոտություններ և խորհրդատվություններ կիրականացնեն դիաբետի, բարձր զարկերակային ճնշման, օստեոպորոզի և այլ հիվանդությունների ախտորոշման ուղղությամբ։

«Մենք ևս չափազանց կարևորում ենք ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելումն ու վաղ հայտնաբերումը։ Այդ ուղղությամբ  2014 թվականին մեծ ծրագրեր են նախատեսվել։  Համաշխարհային բանկի դրամաշնորհով ամենից տարածված և ամենաբարձր մահացություն բերող երեք հիվանդությունների` սրտանոթային, դիաբետիկ և արգանդի պարանոցի քաղցկեղի վաղ հայտնաբերման ուղղությամբ մեծածավալ` ազգաբնակչության 50 տոկոս ընդգրկվածությամբ, սկրինինգ ծրագրեր կիրականացվեն։ Այժմ նախապատրաստական փուլում ենք` թիրախային խմբերը և  առաջնային օղակի բուժհիմնարկների գործիքային ապահովվածությունն է ճշտվում և այլ աշխատանքներ են տարվում, որպեսզի միջոցները հնարավորինս արդյունավետ ծախսվեն»,-ասաց նախարար Դումանյանը։

Որոշվեց «Առողջ ապագա» ակցիայի արդյունքները քննարկել նախարարության սկրինինգային ծրագիրը նախապատրաստող խմբի  հետ։

Ջոն  Բիլեզիկյանն իր գոհունակությունը հայտնեց այն առթիվ, որ  իրենց կողմից Հայաստան բերված ոսկրի խտությունը որոշող 6 սարքը (դենսիտոմետր) հաջողությամբ կիրառվում են թե՛ Հայաստանում, թե՛ Լեռնային Ղարաբաղում։ Նաև տեղեկացրեց, որ անհարժեշտության դեպքում առաջիկայում ևս կարող են Հայաստանի համար նման սարքեր ձեռք բերել։ Քննարկվեցին հետագա համագործակցությունն առավել համակարգված և արդյունավետ դարձնելու հարցեր։

Նախարար Դումանյանն իր հյուրերին նաև ներկայացրեց ոլորտում իրականացվող բարեփոխումներն ու առաջիկա ծրագրերը։