2013 թվականի առաջին եռամսյակում բյուջեն կատարվել է 25.1 մլրդ դրամ հավելուրդով

բյուջե2013 թվականի առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են շուրջ 231.3 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 206.1 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 103%-ով և 88.8%-ով ապահովել են ՀՀ կառավարության առաջին եռամսյակի ծրագրի կատարումը: Հարկ է նշել, որ ապահովվել է պետական բյուջեի ծախսային ծրագրերի շրջանակներում հունվար-մարտ ամիսներին պետական մարմինների կողմից սահմանված կարգով ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարումը: «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 9‑րդ հոդվածի 11‑րդ կետի և 11-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներից ելնելով` պետության դրամական միջոցների համախմբված հաշվառման նպատակով պետական բյուջեի ծրագրային և փաստացի ցուցանիշներում ներառվել են նաև ՀՀ պետական հիմնարկների համար բացված արտաբյուջետային հաշիվների համապատասխան շրջանառությունը, ինչպես նաև առանց սահմանափակման պետական բյուջեից կատարվող վճարումները: Մասնավորապես` արտաբյուջետային եկամուտները կազմել են շուրջ 5.4 մլրդ դրամ կամ առաջին եռամսյակում նախատեսված մուտքերի 84.7%‑ը, իսկ ծախսերը` 2.9 մլրդ դրամ կամ եռամսյակային ծրագրի 39.3%-ը: Պետական բյուջեի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով` 22.3%-ով, ծախսերի գծով` 20.1%-ով:

ՀՀ պետական բյուջեի եկամուտները

2012 թվականի առաջին եռամսյակի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 23.8%‑ով կամ շուրջ 44.5 մլրդ դրամով, ինչը հիմնականում ապահովվել է հարկային եկամուտների աճի հաշվին:

Պետական բյուջեի եկամուտների 95.1%-ը ձևավորվել է հարկային եկամուտների և պետական տուրքերի, 4.7%-ը` այլ եկամուտների, 0.2%-ը` պաշտոնական դրամաշնորհների հաշվին:

2013 թվականի առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել ավելի քան 220 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որոնք կազմել են եռամսյակային ծրագրի 103.8%-ը: 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 24.1%‑ով կամ 42.7 մլրդ դրամով, ինչը մեծ մասամբ պայմանավորված է ավելացված արժեքի հարկի և մաքսատուրքի գծով մուտքերի աճով: Բացի այդ, 2013 թվականից հարկային օրենսդրության մեջ կատարված փոփոխությամբ նախկինում սահմանված եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների փոխարեն ներդրվել է մեկ միասնական` եկամտային հարկ, որի գծով անցած ժամանակահատվածում պետական բյուջե է մուտքագրվել 43.6 մլրդ դրամ: 2013 թվականի առաջին եռամսյակում նախորդ տարվա պարտավորությունների գծով ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել 10.4 մլրդ դրամ պարտադիր սոցիալական ապահովության վճարներ և 6.8 մլրդ դրամ եկամտահարկ: Եկամտային հարկից ստացված մուտքերը` հաշվետու ժամանակահատվածում մուտքագրված եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների հետ միասին (որոնք մուտքագրվել են նախորդ տարվա պարտավորությունների գծով) 21.4%-ով գերազանցել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մուտքագրված եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների մուտքերը: 2013 թվականից ներդրվել է ևս մեկ նոր հարկատեսակ` շրջանառության հարկը, որի գծով առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1.8 մլրդ դրամ:

ՀՀ պետական բյուջեի ծախսերը

2013 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի ծախսերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 10.3%‑ով կամ 19.2 մլրդ դրամով: Ընդ որում, աճ է արձանագրվել ընթացիկ ծախսերի գծով, իսկ ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների գծով արձանագրվել է նվազում:

Ընթացիկ ծախսերը հաշվետու ժամանակահատվածում կազմել են 199.8 մլրդ դրամ` 91.5%-ով ապահովելով եռամսյակային ծրագրի կատարումը: Նախորդ տարվա հունվար- մարտ ամիսների համեմատ ընթացիկ ծախսերն աճել են 10.9%-ով կամ 19.6 մլրդ դրամով:

Ընթացիկ ծախսերից 19.8 մլրդ դրամ տրամադրվել է պետական հիմնարկների աշխատողների աշխատանքի վարձատրությանը, որը կազմել է եռամսյակային ծրագրի 89.7%-ը և 20.9%-ով գերազանցել նախորդ տարվա նույն ցուցանիշը:

 

ՀՀ պետական բյուջեի հավելուրդը

2013 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեն կատարվել է 25.1 մլրդ դրամ հավելուրդով` առաջին եռամսյակի ծրագրով նախատեսված 7.5 մլրդ դրամ պակասուրդի դիմաց: Մասնավորապես` ներքին ֆինանսավորումը կազմել է -3.0 մլրդ դրամ, արտաքին ֆինանսավորումը` -22.1 մլրդ դրամ: Հաշվետու ժամանակահատվածում բյուջետային ելքերի համեմատ մուտքերի առավել բարձր կատարողականի արդյունքում պակասուրդի ներքին աղբյուրներում ձևավորված ազատ միջոցներն օգտագործվել են 2.2 մլրդ դրամով` առաջին եռամսյակի ծրագրով նախատեսված 39.6 մլրդ դրամի փոխարեն:

 

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին 

Tags: