Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է «Էրեբունի-Երևան 2795» տոնակատարության միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևան ժամանած Իտալիայի Կարրարա քաղաքի քաղաքապետ Անջելո Զուբբանիին և Կարրարա քաղաքի քաղաքային խորհրդի նախագահ Լուկա Ռագոնիին:
Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, շնորհակալություն հայտնելով հրավերն ընդունելու և Երևանի տոնին մասնակցելու համար, Տարոն Մարգարյանը նշել է, որ Երևանի առաջին քույր քաղաքի հետ հանդիպումն առավել քան պարտավորեցնող ու առանձնահատուկ է. «Մենք ուրախ ենք մայրաքաղաքում հյուրընկալելու Երևանի առաջին քույր քաղաքի պատվիրակությանը: Երևանի և Կարրարայի բարեկամության առաջին հիմնաքարը դրվել է դեռևս 1962թ.-ին։ Նաև այս հանգամանքը հաշվի առնելով, մենք պարտավոր ենք երկու քաղաքների միջև էլ ավելի սերտացնել ու զարգացնել հարաբերություններն ու գործնական ընթացք տալ փոխգործակցությանը: Մենք բաց և պատրաստակամ ենք փոխշահավետ համագործակցության համար և համոզված եմ, որ առաջիկայում երկուստեք մեր հարաբերությունները կդրվեն նոր հիմքի վրա»,- նշել է Տարոն Մարգարյանը:
Կարրարայի քաղաքապետ Անջելո Զուբբանին իր հերթին, շնորհակալություն հայտնելով հրավերի և ջերմ ընդունելության համար, ընդգծել է, որ Երևանը ևս վստահելի գործընկեր է Կարրարայի համար և համոզմունք է հայտնել, որ առաջիկայում երկու քաղաքների միջև հարաբերություններն իսկապես էլ ավելի սերտ ու գործնական կդառնան. «Շատ ուրախ եմ գտնվել դարավոր հարուստ պատմություն ունեցող մայրաքաղաքում, որն արդեն 2795 տարեկան է: Իսկապես կա գործակցության խթանման մեծ ներուժ և մենք, հաշվի առնելով նաև հայ և իտալացի ժողովուրդների դարավոր բարեկամությունը, պետք է նոր թափ հաղորդենք մեր հարաբերություններին:»,- նշել է Անջելո Զուբբանին, ավելացնելով, որ տպավորված է Երևանի տոնական հանդերձանքով ու ընդգծել է, որ պատրաստվում է ներկա գտնվել տոնական բոլոր միջոցառումներին, ընդ որում, ոչ թե որպես հյուր, այլ լիարժեք մասնակից:
Շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի և երկուստեք բարեկամությունը խորացնելու պատրաստակամության համար, քաղաքապետ Տարոն Մարգարյանը մաղթել է հյուրերին լիարժեք վայելել 2795-ամյա Երևանի ջերմությունն ու հյուրընկալությունը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն
Tags: Երևանի քաղաքապետարան
