Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, մեկօրյա աշխատանքային այցով գտնվելով Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում, հանդիպել է իր գործընկերոջ` Դիդե Բուրխալտերի հետ: Հանդիպումից հետո Դավութօղլուն հարցազրույց է տվել լրագրողներին՝ նշելով, որ Շվեյցարիայի հետ երկկող ռազմավարական համագործակցության երկամյա պլան է կազմվել: Հայտնի է դարձել, որ գլխավորապես ֆինանսական և մշակույթային, ինչպես նաև մի շարք այլ բնագավառներում երկկողմ համագործակցության մանրամասները կներկայացվեն շվեյցարացի արտգործնախարարի առաջիկա ամիսներին Թուրքիա կատարվելիք այցի ժամանակ:
Ինչպես հաղորդում է «Հաբեր 3» կայքը՝ Դավութօղլուն հայտնել է նաև, որ իր գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ քննարկվել են սիրիական հարցի մի շարք մանրամասներ: Մասնավորապես Շվեյցարիան իր պատրաստակամությունն է հայտնել Թուրքիային օգնելու սիրիացիներին հումանիտար աջակցության տրամադրման հարցում:
Դավութօղլուն, ուշադրություն հրավիրելով չորս տարի առաջ Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների գործընթացի շարունակության վրա, ցանկություն է հայտնել, որպեսզի Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունները կարգավորվեն: Դավութօղլուն ընդգծել է, որ հարաբերությունների կարգավորման համար անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանը «դադարեցնի Լեռնային Ղարաբաղի օկուպացիան»:
Արտգործնախարարն անդրադարձել է նաև 2015 թվականին Ժնևում Հայոց ցեղասպանության հուշարձանի կանգնեցմանը՝ նշելով, որ հարցը բավական նուրբ երանգ ունի Թուրքիայի համար:
Tags: Դավութօլու, թուրքիա