Ադրբեջանը վրդովված է ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի զեկույցից

2Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) ու ԵԱՀԿ Ժողովրդավարության հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՄԻԳ)`հոկտեմբերի 9-ին նախագահական ընտրությունների վերաբերյալ նախնական զեկույցի առնչությամբ հաղորդագրություն է տարածել: ԿԸՀ-ն այն Ադրբեջանի քաղաքացիների կամքի արտահայտմանն ուղղված վիրավորանք է համարել, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Հայտարարության մեջ նշվում է, որ ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի` Ադրբեջանում կայացած ընտրություններին տված գնահատականը զգալիորեն տարբերվում է 20 այլ միջազգային կազմակերպությունների դիրքորոշումից: “ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի զեկույցը կողմնակալ է և ոչ օբյեկտիվ, ու այդ կառույցը աչք է փակում հարևան երկրներում ընտրությունների ընթացքում տեղ գտած օրենքի խախտումների վրա: ԿԸՀ-ն ստիպված է դիմել Ադրբեջանի կառավարությանը կառույցի հետ հետագա համագործակցության հարցը վերանայելու խնդրանքով”,-ասվում է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ կառույցը մի շարք խախտումներ է գրանցել կայացած նախագահական ընտրությունների օրը, որի նախնական արդյունքների համաձայն՝ հաղթել է գործող նախագահ Իլհամ Ալիևը:

Tags: