Թուրքիայում գնալով սրվում են կուսակցական հակասությունները

chp-akpԹուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը քննադատության է ենթարկել ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությանը՝ նշելով, որ վերջինս երկիրը մասնատման է տանում: Նման հակասության պատճառ է դարձել այն, որ Քեմալ Քըլըչդարօղլուի ղեկավարած կուսակցությունը օրերս դիմել է Սահմանադրական դատարան՝ պահանջելով արգելել հասարակական վայրերում հիջաբի կրումը: Բոզդաղը նշել է, որ նման վերաբերմունքը հակասում է մարդու իրավունքներին:

Նշենք, որ սեպտեմբերի 30-ին վարչապետ Էրդողանի հրապարակած «ժողովրդավարացման փաթեթի» համաձայն՝ նախատեսվում է վերացնել պետական կառույցներում (բացի զինված ուժերից) հիջաբ կրելու վերաբերյալ արգելքը: Հրապարակված բարեփոխումների նախագիծը միանշանակ չէր ընդունվել նաև Ազգայնական շարժում կուսակցության կողմից: Մասնավորապես ԱՇԿ-ի առաջնորդ Դևլեթ Բահչելին հայտարարել էր, որ փաթեթում հաշվի չեն առնվել թուրք ժողովրդի իրավունքները, այն վնաս է հասցնում ինչպես քաղաքացիների, այնպես էլ հակասում է պետության շահերին:

Ինչպես երևում է 2014 թվականի նախագահական ընտրություններին ընդառաջ Թուրքիայում սրվում են հակասությունները քաղաքական կուսակցությունների միջև: Մասնավորապես կրկին օրակարգ են գալիս գաղափարախոսական անհամաձայնությունները իշխող Արդարություն և զարգացում կուսակցության, որը առաջ է տանում քաղաքական իսլամի հայեցակարգը և ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության միջև, որը ավանդաբար հանդիսանում է Քեմալ Աթաթուրքի գաղափարախոսության՝ քեմալիզմի պահապանը:

Tags: