Երեկ Աշխարհի 2014 թվականի ֆուտբոլի առաջնության ընտրական փուլի ավարտից մեկ տուր առաջ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն իր հարկի տակ կարողացավ առավելության հասնել Բուլղարիայի հավաքականի նկատմամբ՝ հակառակորդի դարպասն ուղարկելով երկու գնդակ:
Թուրքական մարզական լրատվական կայքերը ևս անդրադարձել են Հայաստանի հավաքականի տարած տպավորիչ հաղթանակին: Մանրամասնորեն նկարագրելով խաղի ընթացքը, գրանցված երկու կարմիր քարտը, թիմերի խփած գնդակները՝ թուրքական կայքերը կարծես թե ուրախ են Բուլղարիայի պարտության համար: Բանն այն է, որ Հայաստանի հավաքականը, հաղթելով Բուլղարիային, Աշխարհի առաջնությանը մասնակցելու հույս է առաջացրել թուրքերի համար: Բուլղարիայի պարտության շնորհիվ Թուրքիայի ազգային հավաքականի իր խմբում լավագույն երկրորդը լինելու շանսերը բավական մեծացել են, որի շնորհիվ թուրքերը հնարավորություն կունենան մասնակցելու փլեյ-օֆ փուլին:
Tags: թուրքիա