Բացվեց Հայաստանի ազգային պատկերասրահի հիմնադիր Ռուբեն Դրամբյանի հուշատախտակը

P1050359Այսօր Էրեբունի-Երևան տոնակատարությունների շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի ազգային պատկերասրահի հիմնադիր Ռուբեն Դրամբյանի հուշատախտակի բացման արարողությունը Հայաստանի ազգային պատկերասրահի ճակատային հատվածում:

Հուշաքարի բացմանը ներկա էին ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը, մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը, Ռուբեն Դրամբյանի դուստրը` արվեստագիտության դոկտոր Իրինա Դրամբյանը, թոռնուհին` Շուշանիկը, արվեստագետներ և հյուրեր:

P1050332Հուշաքարի բացումից հետո սպասվում էր անակնկալ. Իրինա Դրամբյանը պատկերասրահին նվիրեց Մարկ Շագալի  «Ամառանոց Զաոլշյեում, Ինտերիեր 1915» ստեղծագործությունը, որն իր հայրը գնել էր անմիջականորեն Մ.Շագալից: Ազգային պատկերասրահում Մ.Շագալից կար ընդամենը մեկ գործ: Մի հետաքրքիր փաստ ևս. նկարների դասավորման ժամանակ մեկ այլ ռուս նկարչի նատյուրմորտի ետևում հայտնաբերել էր լավ պահպանված Մ.Շագալի 1920թ.-ի «Հորինվածք» նկարից մի հատված: Եվ էլի մի հետաքրքիր զուգադիպություն. «Ինտերիեր» նկարի պատուհանից դուրս երևացող բնապատկերը նույնն է, ինչ պատկերասրահում գտնվող 1918 թվականին նկարված «Ամառանոց» կտավում է պատկերված:

Սա չափազանց արժեքավոր նվիրատվություն էր, քանզի Ռուբեն Դրամբյանն էլ առաջին հերթին միշտ մտածել և հարստացրել է մեր ազգային պատկերասրահը:

Մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը Իրինա Դրամբյանին մշակույթային ժառանգության ոլորտում ունեցած նշանակալի ավանդի համար պարգևատրեց ոսկե մեդալով:

Պատկերասրահը հիմնադրվել է 1921թ.` որպես Հայաստանի պետական թանգարանի արվեստի բաժին, որի համար հիմք են հանդիսացել հայ նկարիչների նույն թվականին կազմակերպած ցուցահանդեսի աշխատանքները, այնուհետև համալրվել է Մոսկվայի` Սովետական Հայաստանի կուտուրայի տան և նախկին Լազարյան ճեմարանի հավաքածուներով, նվիրատվություններով, Մոսկվայի և Լենինգրադի թանգարանային ֆոնդերից ձեռք բերված գործերով, թանգարանային գնումներով ու փոխանակումներով: Պատկերասրահի ֆոնդերի ձեռք բերման գործում նշանակալի է 1925-51 թթ. պատկերասրահի տնօրեն արվեստաբան Ռուբեն Դրամբյանի (1891-1991)  ներդրումը:

                                                                                 Կարինե Աղաբաբյան