Հայրաքաղաք ու մշակութային մայրաքաղաք Գյումրին այսօր տոնեց իր ծնունդը: Քաղաքի օրվա բուն միջոցառումները սկսվեցին կեսօրից: Մինչ այդ, համայնքապատկան բոլոր մշակութային օջախներում բաց դռների օր էր հայտարարված: Վարդանանց հրապարակում ամբողջ օրը հնչում էին Գյումրու մասին և գյումրեցի աշուղների երգերը: Հասարակությունը հավաքվել էր այստեղ և քաղաքապետարանի փողային նվագախմբի հետ քայլերթով ուղևորվեց դեպի Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարան: Այստեղ կազմակերպվել էր “Հացի փառատոն” և ազգային խոհանոցի ու ավանդական կենցաղի ցուցահանդես: Փառատոնին մասնակցեցին նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ԱԺ պատգամավորներ, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը և այլք:
Հյուրերն այցելեցին նաև քանդակագործության Գյումրու միջազգաին սիմպոզիում, ծանոթացան արվեստագործների աշխատանքներին: Եղան նաև տարբեր ցուցահանդեսներում:
Ինչ ծրագրեր են սպասվում Գյումրիում, գյումրեցիների կենսամակարդակը բարձրացնելու ու արտագաղթը կասեցնելու նպատակով հարցերի շուրջ խոսեց ու խոստումներ հնչեցրեց կառավարության ղեկավարը: “Մի համալիր ծրագիր ենք իրականացնելու, որպեսզի ունենանք աշխատատեղեր, այնպիսի մթնոլորտ և այնպիսի տրամադրություն, որ գյումրեցիները նախապատվությունը տան իրենց սիրելի քաղաքին, կարողանան իրենց աշխատանքով իրենց ընտանիքներին պահել և լինել երջանիկ”, – ասաց վարչապետ, իսկ հարցին, թե երբ եք ծրագիրը կյանքի կոչելու, կառավարության ղեկավարը մի քանի անգամ շրջանցեց այն ու նշեց. “Ուզում եմ սրտանց շնորհավորել բոլոր գյումրեցիներին և ցանկանում, որ այսուհետև միայն ուրախ, լավ տրամադրություն լինի բոլորի ընտանիքներում”:
Տոնական միջոցառումները շարունակվեցին “Հոկտեմբեր” կինոթատրոնում: Ելույթ ունենալով քաղաքի օրվա կապակցությամբ, քաղաքապետ Սամվել Բալասանյանը նշեց. “Մեծ խորհուրդ կա այսօրվա մեջ, ավանդույթ է շարունակվում: Գյումրու օրը մենք ամեն տարի նշելու ենք և ավագանու հետ հստակ օր ենք սահմանելու: Այսօր նաև Աստված էր մեր կողմից, այնպիսի պայծառ եղանակ էր”: Հավալենք, որ Գյումրու օրը հիմնադրել է նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը 2003 թվականին, և դրանից հետո ավանդաբար, ամեն տարի տոնական միջոցատումներն ապահովում էր քաղաքում:
