Գյումրի քաղաքի տոնի կապակցությամբ այսօր քաղաքապետ Սամվել Բալասանյանը հանձնեց մի շարք պարգևներ: Գյումրու ավագանու որոշմամբ “Գյումրու պատվավոր քաղաքացի” կոչումներ հանձնվեցին Սովետական միության և ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանակիր Վարդուհի Վարդերեսյանին, պետական և հասարակական գործիչ Միսակ Մկրտչյանին, կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանին: Իսկ քաղաքապետի կրծքանշանով պարգևատրվեցին Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի ղեկավար Կարինե Ավդալյանն ու հաշմանդամների “Փյունիկ” ՀԿ ղեկավար Արմենուհի Նիկողոսյանը:
“Այսօր առավոտ, երբ մեքենայից իջա, պայծառ արև էր: Տեսա գյումրեցիների դեմքը պայծառ էր, այդպիսի ժպիտներ ես վաղուց չէի տեսել: Բոլորը հագել էին իրենց ամենաընտիր հագուստները և տոնական ինչ-որ վայելք կար, ինչ-որ սպասում կար դեպի լավը: Եվ դա ինձ ուրախացրեց անչափ: Ես, թեև չեմ ծնվել Գյումրիում, բայց իմ ծնունդը հաշվում եմ այն օրից, ինչ ոտք դրեցի Գյումրիի թատրոն: Այն ժամանակ Գյումրիում մեծագույն վարպետներ էին, որոնք մրցում էին մայրաքաղաքի վարպետների հետ: Այս պարգևը նրանցն է, հետո` իմը: Շիվի պես աղջիկ էի, 19 տարեկան, դյուրաթեք, ոչինչ չգիտեի թատրոնից, նրանք քայլ առ քայլ, ինչպես են երեխային մեծացնում, այնպես ինձ մեծացրին, թևեր տվին, բայց ես թռա մայրաքաղաք: Բայց իմ սիրտը Գյումրիում է: Ես պիտի շնորհակալություն հայտնեմ ձեզ` սիրելի գյումրեցիներ, որովհետև դուք դարձրեցիք ինձ դերասանուհի: Մի գյումրեցի ասեց` ընչի գնացիր Էրևան, ընտեղ ի՞նչ կար օր, ըդոնք թատրոնից ի՞նչ կհասկնան օր: Պիտի ծաղկի քաղաքը: Քաղաքում պիտի մարդիկ ավելի լավ ապրեն, և հեռու գնացողները պիտի երազեն նորից Գյումրի գալ: Այ դա կլինի ամենալավ բանը”, – պարգևատրվելուց հետո նշեց Վարդուհի Վարդերեսյանը: – “Ես որ սկսեցի, իսկական գյումրեցիները շատ էին, որոնք գիտեին թատրոնն ինչ բան է. դե երկրաշարժից հետո շատերը գնացին, հետո շրջաններից շատ եկան: Վերջերս ես նորից եկա Գյումրի` ներկայացումով, մտածեցի` երկրաշարժ է եղել, սերունդ է փոխվել, արդյո՞ք պիտի նրանք հասկանան այնպես, ինչպես իրենց մեծերը: Պարզվեց, թատրոն սիրելու գեներն էլ են փոխանցվում մեծերից ջահելներին: Ես այդ օրը դա նկատեցի դահլիճի վերաբերմունքից, զգացողությունից”, – իր խոսքը եզրափակեց արտիստուհին:
Մյուս պարգևատրված երախտավորը` Վլադիլեն Բալյանը, առողջական վիճակից ելնելով չէր կարողացել Գյումրի գալ, նրա պարգևը փոխանցվեց Շիրակի մարզպետի խորհրդական Հասմիկ Կիրակոսյանին, իսկ վարպետն իր խոսքը գյումրեցիներին փոխանցեց հեռախոսով. “Թանկագին գյումրեցիներ, հպարտ եմ լինել Գյումրիի պատվավոր քաղաքացի: Երջանիկ եմ մեծն Շիրազի հետ լինել “Գյումրի” հիմնի համահեղինակ: Շնորհավորում եմ քաղաքի տոնի կապակցությամբ: Ամեն քաղաք չէ, որ սիմֆոնիկ նվագախումբ ունի: Արվեստների, իմաստնության, մշակույթի մայրաքաղաք, ապրիր հարյուրամյակներ, հազարամյակներ, քանզի Հայաստանի աղն ես Գյումրի: Երջանիկ ապրեք, անփորձանք եղեք: Միշտ ձեր Վլադիլեն Բալյան”:
Հավելենք, որ Հովհաննես Շիրազի բառերով Վլադիլեն Բալյանի “Գյումրի-Լենինական” երգը վերջերս ավագանու որոշմամբ ընդունվեց որպես Գյումրու փառերգ և այսօրվա տոնական միջոցառումներն էլ սկսվեցին այդ երգով:
