Վալանսում կկայանա հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության երկրորդ համաժողովը

արմեն գևորգյանՖրանսիայի Վալանս քաղաքում կայանալիք հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության երկրորդ համաժողովին մասնակցելու նպատակով Ֆրանսիա է մեկնել ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ֆրանսիական կողմի հետ համագործակցող մարզերի եւ համայնքների ղեկավարներ, ՀՀ էկոնոմիկայի, գյուղատնտեսության, կրթության եւ գիտության, մշակույթի նախարարությունների ներկայացուցիչներ:

Մինչ Վալանս մեկնելը, փոխվարչապետը հոկտեմբերի 14-ին Փարիզում երկկողմ հանդիպումներ կունենա ֆրանսիացի գործընկերների հետ: Հոկտեմբերի 15-ին նախատեսվում են փոխվարչապետի հանդիպումները Լիոնում՝ քաղաքային եւ նահանգային իշխանությունների ներկայացուցիչների հետ:

Հոկտեմբերի 16-ին հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության երկրորդ համաժողովի բացմանը փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը հանդես կգա ելույթով:

Համաժողովի ընթացքում կկազմակերպվի “Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության զարգացում. ներկայի եւ ապագայի խնդիրներ ու նպատակներ” թեմայով կլոր սեղան, ինչպես նաեւ քննարկումներ կծավալվեն չորս` “Զբոսաշրջություն”, “Կրթություն եւ մշակույթ”, “Տեղական տնտեսություն” եւ “Գյուղատնտեսություն” աշխատախմբերում:

Համաժողովի շրջանակում կստորագրվի նաեւ “Հայաստանի համայնքների միության” եւ Ֆրանսիայի Ռոն Ալպ ռեգիոնի միջեւ համագործակցության նորացման համաձայնագիրը:
Աշխատախմբերի քննարկումների ամփոփումից հետո նախատեսվում է համաժողովի հռչակագրի ընդունում:

Համաժողովի աշխատանքների ավարտից հետո Հայաստանի պատվիրակության կազմում ընդգրկված մարզպետներն ու համայնքների ղեկավարները կմեկնեն գործընկեր համայնքներ եւ տարածաշրջաններ` տեղերում փոխգործակցության հեռանկարների քննարկման եւ հնարավորություններին ծանոթանալու համար:

Ֆրանսիայի հետ առկա է ապակենտրոնացված մակարդակով բավականին լայն համագործակցություն. Հայաստանի շուրջ երեք տասնյակ համայնքներ, այդ թվում` մայրաքաղաք Երեւանը, արդյունավետ փոխգործակցում են Ֆրանսիայի քույր քաղաքների հետ: Մարզերից Գեղարքունիքը համագործակցում է Ռոն Ալպի տարածաշրջանի, Շիրակը` Իզերի, Լոռին` Բուշ դյու Ռոնի հետ:

Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության առաջին համաժողովը տեղի էր ունեցել 2010թ-ին, Երեւանում: Այս ձեւաչափն ուղղված է միջտարածաշրջանային եւ միջհամայնքային կապերի ամրապնդմանն ու խորացմանը:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին