Ռուբեն Հակոբյանը՝ Աշոտյանին. «Ուրիշ բառ չկա՞ր էստեղ գրելու»

99c5782365cfd829920279ee40b5c0c1Խորհրդարանում Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը պատգամավորներին ներկայացրեց «Լեզվի մասին» և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացում կատարելու մասին հարցը:

Ըստ Աշոտյանի՝ նախագիծը նպատակ ունի ճանաչել հայերեն ժեստերի լեզուն՝ որպես կրթության, դաստիարակության, տեղեկատվություն ստանալու և փոխանակելու լեզու՝ ընդլայնելով լսողական խանգարումներ ունեցող մարդկանց կրթական, քաղաքական, քաղաքացիական իրավունքների իրականացման հնարավորությունները. «Այն հսկայական քաղաքական և քաղաքացիական նշանակություն ունեցող նախագիծ է»,-համոզված է նախարարը:

ԱԺ պատգամավոր Լևոն Մարտիրոսյանին, սակայն, պարզ չէր. «Ժեստերի լեզուն այս պահի դրությամբ չի՞ օգտագործվում, նո՞ր է սկսվելու օգտագործվել, թե՞ որևէ այլ լեզու է օգտագործվում»:

Աշոտյանը պարզաբանեց, որ այդ լեզուն գոյություն ունի, բայց այն օրենսդրորեն որևէ տեղ ամրագրված չի եղել. «Օրինակ, նման լեզվով վկայություն տալը, նոտարիական հաստատումներ անելը կամ նման լեզվով կրթություն ստանալու հնարավորությունը հիմնավորված չի,-ասաց նա,-մենք լեզու չենք հորինում, այլ ամրագրում ենք, որ եղած լեզուն ստանա կարգավիճակ և դրանից ելնելով՝  առավել լայն և հիմնավոր կիրառում ունենա»:

«Ժառանգություն խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանին այլ՝ սկզբունքային հարց էր հետաքրքրում. «Սուրդո միջազգային բառը փոխարինվել է ժեստերի լեզու բառակապակցությամբ: Բառն ավելի է հայկականացվել՝ մնալով հանդերձ միջազգային ձևակերպման դաշտում: Ուրիշ բառ չկա՞ր էստեղ գրելու: Իհարկե, լուսահոգի Իշխանյանը լիներ, ավելի լավ բառ կգտներ»:

Աշոտյանը պատասխանեց, որ պատրաստ են միասին ժեստ բառի փոխարեն առավել ականջահաճո բառ գտնել:

 

 

 

 

 

Tags: