Հոկտեմբերի 10-14-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքի «Pale de Sport» մարզապալատում կայացավ Սամբոյի աշխարհի առաջնությունը՝ պատանիների, աղջիկների և երիտասարդների միջև, որին մասնակցում էին 27 երկրի ներկայացուցիչներ:
Այս տարվա գլխավոր ստուգատեսից հայ սամբիստները կվերադառնան 4 բրոնզե մեդալով:
Մեր աղջիկներից պատվո հարթակի 3-րդ աստիճանին կանգնեցին երևանցիներ, 48 կգ քաշային Երջանիկ Կարապետյանն ու 52 կգ քաշային Ռոզա Խաչատրյանը: Պատանիներից՝ բորնզե մեդալ նվաճեց 87 կգ քաշային, սպիտակցի Էդիկ Պետրոսյանը, իսկ երիտասարդներից՝ ԲԿՄԱ-ի ներկայացուցիչ 52 կգ քաշային Գրիգոր Մխիթարյանը:
«Մեր հնարավորություններն ավելի մեծ էին, սա միջին արդյունք է, մանավանդ որ՝ Եվրոպայի 3 չեմպիոնից 2-ը բրոնզե մեդալ են բերել: Նոյեմբերին Սանկտ-Պետերբուրգում կայանալու է մեծերի աշխարհի առաջնությունը: Լիահույս եմ, որ մեր մարզիկներն այս բացն այնտեղ կլրացնեն»,- ասել է Հայաստանի սամբոյի ֆեդերացիա նախագահ Լեոնիդ Հայրապետյանը:
Tags: սամբո, սամբոյի աշխարհի պատանեկան առաջնություն, սպորտ