Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ստորագրած համաներման մասին կարգադրությունը չի լուծել երկրում քաղաքական բանտարկյալների հարցը։ Ինչպես տեղեկացնում է haqqin.az-ը, այդ մասին հայտարարել են ադրբեջանցի իրավապաշտպանները։
Նրանց կարծիքով՝ համաներումը տարածվել է միայն երկու քաղբանտարկյալների վրա՝ եղբայրներ Ֆարհադ և Ռաֆիկ Ալիևների (տնտեսական զարգացման նախկին նախարարը և “Ազպետրոլ” ընկերության նախկին ղեկավարը):
Նրանց ազատ արձակումից հետո Իրավապաշտպան կազմակերպությունների մոնիթորինգային խմբի ցուցակում մնում է 9 քաղբանտարկյալ։
Մարդու իրավունքների և օրինականությանը հետևելու բյուրոյի ղեկավար Սաիդա Գոջամանլըն նշում է, որ այդ խումբը պոտենցիալ քաղբանտարկյալներ է համարում նաև դեռևս դատարանի առաջ չկանգնած 7 ակտիվիստներին՝ NİDA երիտասարդական շարժումից, “Հանրապետական այլընտրաք” քաղաքացիական շարժման աջաջնորդ Իլգար Մամեդովին և “Մուսավաթ” կուսակցության փոխնախագահ Թոֆիգ Յագուբլուին։
Գոջամանլըն հույս ունի, որ բոլոր այդ անձինք դատական գործերի ընթացքում ազատ կարձակվեն։ Խումբը կողմ է արտահայտվում նաև Ադրբեջանի իսլամական կուսակցության առաջնորդ Մովսում Սամեդովի և 6 այլ իսլամիստների ազատ արձակմանը։
Գոջամանլըն դրական է որակել իսլամական Գուրբան բայրամի տոնակատարության նախօրեին հայտարարված համաներումը, որը հնարավորություն է տվել 152 մարդու ազատ արձակել։ Նա հույս է հայտնել, որ մինչև տարեվերջ նոր համաներումներ կլինեն, որոնք կառնչվեն քաղբանտարկյալներին, և այդ հարցն ամբողջությամբ կլուծվի։
Դրանից բացի, ՀԿ-ների մեկ այլ կոալիցիան, որի մեջ մտնում են “Մարդու իրավունքների ակումբը”, Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտը, Իրավունքների հետազոտության գծով միջազգային կազմակերպությունը, կազմել է 142 քաղբանտարկյալից բաղկացած ցուցակ։
Tags: ադրբեջան
