Գիտնականները որոշ ուսումնասիրություններից հետո հայտարարել են, որ Պաղեստինի նախկին նախագահ Յասեր Արաֆաթը հնարավոր է մահացած լինի պոլոնիումով թունավորումից

 Յասեր ԱրաֆաթՇվեյցարացի գիտնականները հայտնել են, որ Պաղեստինի նախկին նախագահ Յասեր Արաֆաթը հնարավոր է մահացած լինի ռադիոակտիվ պոլոնիումից թունավորման հետևանքով:

Արաֆաթը 75 տարեկան հասակում մահացել է 2004թ-ի նոյեմբերի 11-ին Ֆրանսիայում: Բժիշկները նրա մահվանից անմիջապես հետո չէին կարողացել գտնել մահվան իրական պատճառը:

Փորձագետները տեղեկացրել էին, որ Արաֆաթին պատկանող մի շարք իրերում հայտնաբերել են ռադիոակտիվ ինչ-որ նյութ:

Արաֆաթը հիվանդացել էր Արևմտյան ափի իր կենտրոնակայանում և ունեցել էր ռադիոակտիվ նյութից թունավորման ախտանշաններ՝ սրտխանոց, ստամոքսի ցավ, երիկամների և լյարդի անբավարարություն:

Սակայն գիտնականներն ընդունում են, որ մազերի կորստի բացակայությունը կամ ոսկրածուծի լրիվ առկայությունը կասկածի տակ են դնում այս տեսակետը:

Արաֆաթի մահվան շուրջ բամբասանքները ավելի շատացան, երբ բժիշկները չկարողացան պարզել մավան ստույգ պատճառը:

Կասկածները ավելի սրվեցին, երբ նրա այրին՝ Սուհան, նախապես հրաժարվեց իր ամուսնու մարմինը հետմահու քննության ենթարկել:

Սակայն նա փոխել էր իր միտքը և անցած տարի խնդրել Ֆրանսիայի դատավորներին իր ամուսնու մահվան կապակցությամբ քննություն սկսել՝ պնդելով, որ նրան թունավորել են, որովհետև նա խոչընդոտ էր խաղաղության ճանապարհին:

Լոզանի ռադիացիոն բժշկության ինստիտուտի փորձագետները այժմ հրապարակել են քննությունների արդյուքները, որոնք պաշտպանում են նախագահի ոչ բնական մահով մահանալու տեսակետի հնարավորությունը:

Հայտարարության մեջ ասվում է, որ մարմնական հեղուկների նմուշների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դրանք պարունակում են պոլոնիում 210-ի մեծ քանակություն:

Թիմի ուսումնասիրությունների արդյունքները այս շաբաթ հրապարակվել են բրիտանական The Lancet բժշկական ամսագրում: Թիմի անդամները ափսոսանք են հայտնում, որ Արաֆաթի մահից անմիջապես հետո ուսումնասիրություն չի կատարվել, քանի որ պոլոնիումը մարմնում արագ է կազմալուծվում և ուշացնելու դեպքում դժվար է լինում այն հայտնաբերել:

 

Tags: , ,