Այս օրերին իսլամական աշխարհը նշում է կրոնական երկու գլխավոր տոներից մեկը՝ Քուրբան Բայրամը (զեհաբերության տոնը): Ահա թուրքական լրատվական կայքերը հետևել են, թե ինչպես է անցնում տոնակատարությունը Թուրքիայի տարբեր քաղաքներում ու գյուղերում՝ առանձնացնելով մի շարք զավեշտալի պատահարներ: Երկրի բոլոր մասերում այսօր արյան գետեր են հոսում՝ մահմեդական հավատացյալների զոհաբերած խոշոր եղջերավոր կենդանիների արյունը:
«Դողան» լրատվական գործակալությունը գրում է, որ այսօր մի շարք անփորձ մսագործներ կենդանիներին մորթելիս անզգույշ են գտնվել՝ ստանալով ձեռքի, ոտքի և մատերի վնասվածքներ: Այսօր գրանցվել է նաև անասունների փախուստի դեպքեր, ինչի հետևանքով մսագործները ստիպված են եղել ընկնել նրանց հետևից: Օրինակ՝ Բուրսայում զոհերին բռնելու գործին են միացել նաև թուրք ոստիկանները: Իսկ Բոլուի շրջանում կենդանիներին գտնելու համար շուկա գնացած քաղաքացիները հետաքրքիր տեսարանների են ականատես դարձել: Ոմանք իրենց զոհերին մեջքին գցած կամ մեքենայով են տուն տարել, իսկ ոմանք էլ ընդհակառակը՝ նստել են կենդանիների վրա՝ նրանց վերածելով փոխադրամիջոցի: Չնայած բոլոր զգուշացումներին՝ որոշ մուսուլման հավատացյալները կենդանիներին մորթել են երեխաների աչքի առաջ՝ վախեցնելով փոքրիկներին:
Ընդհանրապես այս տոնի ժամանակ, որը տևում է մի քանի օր, կենդանիներին մորթում են հատուկ զոհի համար նախատեսված տեղերում, ապա եփելով միսը՝ այն բաժանում են հարևաններին, մտերիմներին և աղքատներին, հուսալով, որ Ալլահը կընդունի այն:
