Քերում են Գյումրիի կենտրոնը

գյումրիՀՀ Կառավարության ապրիլի 11-ի նիստում տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանն առաջարկեց կառավարության պահուստային ֆոնդից Վանաձոր և Գյումրի քաղաքների ներհամայնքային ճանապարհները բարեկարգելու նպատակով հատկացնել 300-ական մլն դրամ.
“Նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Գյումրի և Վանաձոր քաղաքների կենտրոնական փողոցները գտնվում են անմխիթար վիճակում, իսկ երկրորդական փողոցները գրեթե անանցանելի են: Ամբողջովին քայքայվել է փողոցների ասֆալտբետոնյա ծածկույթը, առաջացել են դժվարանցանելի խորը փոսեր:
Ծրագրի իրականացումը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ Գյումրի քաղաքը ճանաչվել է 2013 թվականի ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաք և սպասվում է ԱՊՀ երկրների պատվիրակություների այցելություններ: Քայքայված և անանցանելի փողոցները ստվեր են գցում Գյումրի և Վանաձոր քաղաքների ընդհանուր տեսքի և միջավայրի վրա, դժվարացնում քաղաքներում տեղից տեղ տեղաշարժվելը: Խիստ անհրաժեշտ է իրականացնել Գյումրի և Վանաձոր քաղաքների թեկուզ և միայն կենտրոնական փողոցների քայքայված ասֆալտբետոնյա ծածկի նորոգում, տեղ-տեղ նաև մաշված ծածկի փոխարինում”:

Սա հիմք ընդունելով կառավարությունը հատկացրեց այդ 300-ական մլն դրամները: Գյումրիում արդեն սկսվել են փողոցների բարեկարգման լայնածավալ աշխատանքները. ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի պաշտոնական մեկնարկը տրվելու է հունիսի 2-ին:
Հատկացված գումարով հիմնանորոգվում են կենտրոնական՝  «Վարդանանց» հրապարակը և դրան հարող փողոցները, ինչպես նաև Շիրակացի փողոցը:

Հատուկ տեխնիկայի միջոցով արդեն քերում են հրապարակի ասֆալտի շերտը՝ մոտ 4-5 սմ հաստության, որից հետո այն ասֆալտապատվելու է: Իսկ համայնքի միջոցներով փոսային նորոգումներ են կատարվում քաղաքի կենտրոնական մի շարք փողոցներում, սակայն այսքանով Գյումրիի փողոցների խնդիրը չի լուծվում, այստեղ տասնյակ փողոցներ, որոնք համարվում են երկրորդական, շարունակում են մնալ անմխիթար վիճակում:

 

Մարիամ Խալաթյան

Tags: