Լոնդոնի ոստիկանները քանիցս ապացուցել են իրենց խստությունն ու անաչառությունը: Այս անգամ նրանց ամրությունն իր վրա զգաց ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում նրան տուգանեցին սխալ կայանման համար, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Դեպքը կատարվել է անցյալ ուրբաթ, Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի շենքի մոտ, որը հայտնի է նաև “Չաթեմ հաուզ” անվամբ:
Այստեղ կայանման տեղերը վճարովի են `ժամում 3,3 ֆունտ, իսկ նախկին պետքարտուղարի արծաթագույն “Մերսեդեսը” շենքի մոտ կանգնել էր 45 րոպե` առանց վճարելու: Դրանից հետո մոտեցել է ոստիկանը և, հաշվի չառնելով Քլինթոնի թիկնապահների բողոքը, գրել է տուգանք 80 ֆունտ ստերլինգ (127 դոլար) չափով:
Ինչպես պատմում է ականատեսը` բրիտանական հրատարակություններից մեկի լուսանկարիչը , Քլինթոնի թիկնապահը բարկացած թափահարոմ էր ձեռքերը և ցույց տալիս իր վկայականը: Սակայն իրավապահն անդրդվելի էր և տուգանքի կտրոնը տեղադրեց Քլինթոնի ավտոմեքենայի ապակու վրա:
“Օրենքը մեկն է բոլորի համար, անկախ բանից, թե մարդը ինչ դիրք է զբաղեցնում աշխարհի բեմահարթակին”,-այսպես դեպքը մեկնաբանեցին բրիտանական իշխանությունները` հույս հայտնելով, որ Քլինթոնը դա կհասկանա:
Ի միջի այլոց, վերջին տասը տարիների ընթացքում, ԶԼՄ-ների տվյալներով, դիվանագետները սխալ կայանման համար չեն վճարել 112 միլիոն դոլար: Ամենամոլի չվճարողները ամերիկացիներն են. նրանց բաժին է ընկնում 12 միլիոն դոլար:
