Թուրքիայի Մուղլայի վիլայեթի Բոդրում քաղաքի մերձակայքում այս տոնական օրերին դժբախտ դեպք է տեղի ունեցել: Կնոջից և երկու երեխաներից արդեն մեկ տարի առանձին ապրող 47-ամյա տղամարդը որոշել է վրեժ լուծել իր Քուրբան Բայրամը շնորհավորելու չեկած երեխաներից: Հայրը, զայրանալով, որ զավակները չեն եկել նրա ձեռքը համբուրելու (տոն օրերին սա ավանդույթ է համարվում, զավակները պետք է այցելեն իրենց ծնողներին և տարեց հարազատներին՝ համբուրելով նրանց ձեռքը), վերցրել է ինքնաձիգը ու գնացել նախկին կնոջ տուն: Նյարդային տղամարդը առաջինը կրակել է դռան հետևում կանգնած դստեր ոտքին, ապա 17-ամյա որդուն քաշ է տվել մոտակա դաշտ: Որոշ ժամանակ որդուն քաշքշելուց հետո երկու կրակոց է հասցրել տղայի կրծքին և փորին: Տղան տեղում մահացել է, իսկ աղջկան ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց:
«Ռադիկալը» գրում է, որ հանցագործը փախուստի է դիմել դեպքի վայրից, իսկ վրա հասած ոստիկանները նրան գտնելու համար լայնածավալ որոնողական աշխատանքներ են սկսել: Հարևանների հարցաքնությունից պարզ է դարձել, որ տղամարդը ընտանիքում միշտ բռնություն է գործադրել երեխաների, կնոջ նկատմամբ, իսկ վերջին ամսիներին նույնիսկ բազմիցս սպառնացել է: Կինը ոստիկանություն է դիմել, սակայն ոչ մի օգնություն չի ստացել:
Tags: թուրքիա