Աշխատանքի տոնավաճառ Գյումրիում

տոնավաճառԱշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի “Զբաղվածության պետական ծառայություն” գործակալության և Զբաղվածության Գյումրու մարզային կենտրոնի կողմից վեցերորդ անգամ Գյումրիում անցկացվեց աշխատանքային տոնավաճառ:
Տոնավաճառին մասնակցության հայտ էր ներկայացրել 37 գործատու, որոնք առաջարկել էին 177 առկա և 186 սպասվելիք աշխատատեղեր: Մասնավորապես, Գյումրի՝ 32 գործատու, 169 առկա և 172 սպասվելիք թափուր աշխատատեղ, Ամասիա՝ 1 գործատու,  3 թափուր աշխատատեղ, Մարալիկ՝ 2 գործատու, 1 առկա և 4 սպասվելիք թափուր աշխատատեղ, Արթիկ՝ 2 գործատու, 4 առկա և 10 սպասվելիք թափուր աշխատատեղ:

Հավելենք, որ նախորդ տարի Գյումրիի աշխատանքային տոնավաճառին մասնակցել է 35 գործատու և առաջարկել 216 առկա ու 179 սպասվելիք աշխատատեղ, իսկ տոնավաճառին մասնակցել է շուրջ 2150 աշխատանք փնտրող: 2012-ի տոնավաճառի արդյունքում աշխատանք է գտել շուրջ 181 մարդ:

Ապրիլի 1-ի դրությամբ Շիրակի մարզում գրանցված է 9437 աշխատանք փնտրող, որից 8167-ը գործազուրկներն են, իսկ Գյումրիի զբաղվածության տարածքային կենտրոնում գրանցված է 8185 աշխատանք փնտրող, որից 7500-ն ունի գործազուրկի կարգավիճակ:

Ինչպես մեզ հետ զրույցում նշեց “Զբաղվածության պետական ծառայություն” գործակալության պետ Արտակ Մանգասարյանը, թվային տվյալները խոսում են գործազուրկների թվի կրճատման մասին. “Այս տարի աշխատանք փնտրողների քանակը քչացել է, մեր ծառայության տվյալներով: Գործազրկության մակարդակը հանարապետությունում համարյա նույնն են, տատանումները շատ քիչ են: Ի դեպ, նախորդ տարի, թեև թվով ավելի քիչ գործատուներ էին մասնակցել տոնավաճառին, բայց ավելի շատ աշխատատեղեր էին առաջարկել”: Չնայած այն հանգամանքին, որ Շիրակի մարզն ու մասնավորապես Գյումրին, տարիներ շարունակ համարվում է Հայաստանի ամենաշատ գործազուրկներ նունեցող շրջանը:
Իսկ մի՞թե մարդիկ զբաղվածության կենտրոններում չեն հաշվառվում, որովհետև աշխատանքով արդեն ապահովվել են հարցին զբաղվածության Գյումրիի տարածքային կենտրոնի տնօրեն Ամալյա Ադամյանը նշեց. “Նաև աշխատանք են գտել: Ես կարող եմ մի քանի պատճառներ նշել. առաջինը, որ նաև օրենսդրությունն ինքն է ակտիվ աշխատանք փնտրողներին խրախուսում, այսինքն, եթե դու ակտիվ աշխատանք փնտրող ես, պարտավոր ես  գոնե 6 ամիսը մեկ անգամ ներկայանալ զբաղվածության ծառայություն: Եթե չես գալիս, ապա քեզ հանում են հաշվառումից: Եվ ինչու չէ, եթե զբաղվածության տոկոսը բարձրանում է, իջնում է նաև գործազրկության մակարդակը”:
Գործազուրկների մեջ մեծ թիվ են կազմում ինժեներները, բուժքույրերը, տնտեսագետները, հաշվապահները, ֆիզիկոսները, ֆինանսիստները, մանկավարժները, վաճառողները, օպերատորները, վարորդները և այլն:
Այս տոնավաճառին ամենաշատ աշխատատեղերն առաջարկել էին Ա.ԷՆ.ԷՍ “Ֆաշիոն Գրուպ” ՍՊԸ-ն՝ նոր ստեղծվելիք հոլանդական ֆիրման, Գյումրիի քաղաքապետարանը և Գյումրիի տեխնոպարկը:
Թե որքան գործազուրկ աշխատանք կգտնի այս տոնավաճառի արդյունքում, ցույց կտան երեք ամիս հետո կատարված ուսումնասիրությունները:

 

Մարիամ Խալաթյան

Tags: