Չորեքշաբթի Տոկիոյի շրջանին հարվածած թայֆունի հետևանքով մահացել է 17 մարդ, հետաձգվել են հարյուրավոր չվերթներ:
Տոկիոյից 120 կմ հեռավորության վրա գտնվող Օշիմա կղզու ինքնակառավարման մարմինների պաշտոնյան հայտնում է, որ մարդկանց մեծ մասը մահացել է հորդառատ անձրևների հետևանքով առաջացած սողանքներից և հեղեղումներից:
Փրկարարները չեն կարողացել հասնել թայֆունից տուժած շրջանում իրենց կարիքն ունեցող որոշ մարդկանց:
Տոկիոյի Նարիտա և Հանեդա օդանավակայաններում ավելի քան 500 տեղական և միջազգային չվերթներ են հետաձգվել, իսկ ազգային երկաթուղային օպերատորը Ճապոնիայի կենտրոնական և հյուսիսային հատվածներում դադարեցրել է գնացքների աշխատանքը:
Թայֆունը Ճապոնիայի խաղաղօվկիանոսյան ափով շարժվում է դեպի հյուսիս և չորեքշաբթի երեկոյան կհասնի Հոկկայդո կղզուն:
Տոկիոյի էլեկտրամատակարարման ընկերությունից հայտնում են, որ թայֆունի հետևանքով 56,000 տնտեսություն մնացել է առանց էլեկտրականության:
Tags: ճապոնիա