Հոկտեմբերի 14-19-ն ընկած ժամանակահատվածում անցկացվող ՀՊՃՀ 80 ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում Պոլիտեխնիկում մեկնարկել են “Կասպերսկու լաբորատորիա” ընկերության շաբաթ” միջոցառումների շարքը:
Այդ կապակցությամբ Հայաստան է ժամանել «Կասպերսկու լաբորատորիա» ընկերության հիմնադիր-տնօրեն, համաշխարհային համբավ ունեցող հակավիրուսային մասնագետ, պրոֆեսոր Եվգենի Կասպերսկին իր թիմով:
Այսօր Եվգենի Կասպերսկու գլխավորած պատվիրակությանն ընդունել է ՀՊՃՀ ռեկտոր Արա Ավետիսյանը: Ողջունելով Ե. Կասպերսկուն և իր աշխատակիցներին Հայաստան գալու առիթով` ռեկտորը նշել է, որ թեև Ե. Կասպերսկին առաջին անգամ է այցելում ճարտարագիտական համալսարան, այդուհանդերձ Պոլիտեխնիկի և “Կասպերսկու լաբորատորիա” ընկերության համագործակցության հիմքերը դրվել են դեռևս մի քանի տարի առաջ և հաջողությամբ շարունակվում են մինչ այսօր: Դրա վառ ապացույցն են ՀՊՃՀ Քոմփյութերային համակարգերի և ինֆորմատիկայի ֆակուլտետի Տեղեկատվական անվտանգության և ծրագրային ապահովման ամբիոնի ուսանողների և ասպիրանտների ցուցաբերած փայլուն արդյունքները ընկերության կողմից կազմակերպվող ուսանողական օլիմպիադաներում և գիտաժողովներում, ինչպես նաև այս տարի փետրվար ամսին ընկերության նախաձեռնությամբ «IT Security for the next Generation 2013» ուսանողական 6-րդ միջազգային կոնֆերանսի “Ռուսաստան և ԱՊՀ երկրներ” փուլի անցկացումը ՀՊՃՀ-ում:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Եվգենի Կասպերսկին նշել է, որ ընկերությունը հուսալի գործընկեր ունի տարածաշրջանում` ի դեմս ճարտարագիտական համալսարանի: “Մենք Պոլիտեխնիկի հետ բազմակողմանի համագործակցության լայն հնարավորություններ ենք տեսնում, քանի որ կարծում ենք, որ այստեղ է կուտակված այն ներուժը, որը կարող է և ունակ է լուծել երկրի տեղեկատվական անվտանգության հարցերը”,-ընդգծել է Ե. Կասպերսկին:
Հանդիպման ավարտին ՀՊՃՀ ռեկտորն իր գոհունակությունն է հայտնել ընկերությանը կրթական ասպարեզում մինչ այժմ համալսարանին ցուցաբերած օժանդակության համար և, ի նշան երախտիքի, հայտնել, որ ՀՊՃՀ Գիտական խորհրդի որոշմամբ Եվգենի Կասպերսկուն շնորհվել է ՀՊՃՀ պատվավոր դոկտորի կոչում, որը նրան կհանձնվի հոկտեմբերի 18-ին ՀՊՃՀ Գիտական խորհրդի ընդլայնված հոբելյանական նիստի ժամանակ:
ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ), Հասարակայնության հետ
կապերի և տեղեկատվության բաժին
Tags: Արա Ավետիսյան, Եվգենի Կասպերսկ, ՀՊՃՀ