Այց Վալանսի Հայկական ժառանգության կենտրոն

Վալանս,Երևանի քաղաքապետարան,Տարոն Մարգարյան,Արմեն ԳևորգյանՀայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովին մասնակցելու նպատակով պաշտոնական այցով Ֆրանսիայի Հանրապետություն այցելած Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը Վալանսի քաղաքապետ Ալեն Մորիսի ուղեկցությամբ այցելել են Վալանսի Հայկական ժառանգության կենտրոն:

Աշխատակիցների հավաստմամբ՝ կենտրոնը տեղի հայ համայնքի մշակութային յուրօրինակ օջախ է համարվում: Այստեղ ներկայացված է հայ ժողովրդի պատմությունը, այդ թվում նաև որոշ պատառիկներ հայոց Մեծ եղեռնի ողբերգական էջերից:

Բացի այդ, կենտրոնում բացառիկ ցուցադրությամբ ներկայացված է նաև Ֆրանսիայի ու հատկապես Ռոն Ալպի տարածաշրջանի հայ համայնքի ձևավորման և հետագա զարգացման պատմությունը:

Կենտրոնի աշխատակիցները նաև նշել են, որ մշակութային այս յուրօրինակ օջախի կառուցման նախաձեռնությունը եղել է Վալանսի քաղաքապետարանինը, որը կյանքի է կոչվել 2005 թվականի ամռանը:

Վալանսի քաղաքապետ Ալեն Մորիսն իր հերթին նկատել է, որ ինքն իրոք հպարտ է, որ քաղաքն ունի նման կենտրոն, ինչը յուրովի հարգանքի հավաստում է Վալանսի ծագումով հայ բնակիչների հանդեպ, ովքեր կազմում են ընդհանուր բնակչության 10 տոկոսը և իրենց լիարժեք ներդրումն ունեն քաղաքի զարգացման հարցում:

Կենտրոն այցելած Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել Վալանսի քաղաքապետին ու ֆրանսիացիներին` հայ ժողովրդի նկատմամբ ունեցած խորը հարգանքի համար:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Tags: , , ,