ՀՀ կառավարությունը որոշել է Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի մշակույթի տան նախասրահում գտնվող Մինաս Ավետիսյանի «Հայաստան» որմնանկարի ամրակայման և վերականգնման աշխատանքներն իրականացնելու նպատակով «Մինաս Ավետիսյան» մշակութային բարեգործական հիմնադրամին տրամադրելու համար ՀՀ մշակույթի նախարարությանը հատկացնել ավելի քան 22.5 մլն դրամ: 2010-2012 թթ. հիմնադրամն ամրակայել, վերականգնել և տեղափոխել է Մինաս Ավետիսյանի «Հանդիպում», «Խաչքարի մոտ», «Գորգ են գործում», «Երկանք», «Թել են մանում», «Հայկական հովվերգություն» և այլ որմնանկարները:
Կառավարության որոշմամբ 2013 թ. հոկտեմբերի 14-20-ը համերգային ծրագրով հանդես գալու նպատակով Թուրքիայից Հայաստան ժամանող «Սահակյան» երգչախմբի օտարերկրյա քաղաքացիներն ազատվել են մուտքի արտոնագրի տրամադրման համար նախատեսված պետտուրքի վճարումից:
ՀՀ կառավարությունը սահմանել է հազվագյուտ երկրաբանական մերկացումների, հանքաբանական գոյացումների, հնէաբանական օբյեկտների ու գիտական և գիտամշակութային հատուկ արժեք ունեցող ընդերքի մյուս տեղամասերի կարգավիճակի և պահպանության կարգը:
Կառավարություն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնց նպատակն է ավելի հստակ դասակարգել էներգատեղակայանքներում տեղի ունեցող պատահարները և կանխարգելել դրանք:
Գործադիրը որոշել է «Քաղաքացիական կամ առևտրային գործերով արտերկրում ապացույցներ ձեռք բերելու մասին» կոնվենցիայի երկրորդ հոդվածով նախատեսված կենտրոնական մարմին նշանակել ՀՀ արդարադատության նախարարությունը:
Կառավարության որոշմամբ ստեղծվել է «ՀՀ ԿԱ ճարտարապետության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ, հաստատվել պետական կոմիտեի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը:
Իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկի փոփոխությամբ կառավարությունը փոփոխել է ԿԱ ՊԵԿ կառուցվածքը. դրանով իսկ կօպտիմալացվի հարկային մարմնի կառավարման համակարգը և կհստակեցվի գործառույթների բաշխումը կառուցվածքային ստորաբաժանումների միջև:
Tags: հհ կառավարության նիստ, Մինաս Ավետիսյանի «Հայաստան» որմնանկար, Տիգրան Սարգսյան
