ՀՀ կառավարությունը «Հիդրո կորպորացիա» ՓԲԸ կողմից ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել է ևս երեք տարով` մինչև 2016 թ. հուլիսի 13-ը: Ընկերությունը, օգտագործելով Գեղարքունիքի մարզի Արգիչի գետի բնական ջրահոսքը, կառուցում է 11 ՄՎտ հզորությամբ փոքր հիդրոէլեկտրակայան, որի շինարարությունն սկսվել է 2007 թ., սակայն հետագայում դադարեցվել տնտեսական ճգնաժամի պատճառով: Այժմ ընկերությունը շարունակում է իր գործունեությունը, որը համահունչ է ՀՀ կառավարության հավանությունն ստացած ՀՀ էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգի դրույթներին:
Մեկ այլ որոշմամբ գործադիրը մինչև 2014 թ. մայիսի 5-ը երկարացրել է «ՍՊՍ սիգարոն» ՍՊԸ կողմից ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում`վերամշակման համար» մաքսային ռեժիմի ժամկետը: Կառավարության որոշման ընդունմամբ հնարավորություն կստեղծվի վերսկսել ձեռնարկության գործունեությունը և արտադրանքի արտահանումը` կայունացնելով ֆինանսական վիճակը և պահպանելով աշխատատեղերը:
Նիստում արտոնություն է ստացել «Մեգա մեդ» ՍՊԸ-ն. իրականացվող ներդրումային ծրագրով ներմուծված 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքի ԱԱՀ վճարման ժամկետը կառավարությունը հետաձգել է մինչև 2016 թ. սեպտեմբերի 27-ը: Բժշկական պարագաների արտադրության այս ձեռնարկությունը ծրագրում է շուրջ 5 մլրդ դրամի ներդրում անել: Արտադրանքը հիմնականում արտահանվելու է:
