ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության անդամ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կորյուն Նահապետյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով այն հարցին, որ Զորի Բալայանի` Պուտինին ուղղված նամակից հետո ՀՀԿ մի շարք ներկայացուցիչներ հայտնել էին կարծիք, թե ԼՂՀ-ի համար շատ ավելի լավ կլիներ համարվել Ռուսաստանի տարածքի մաս, ասաց, որ կուսակցության դիրքորոշում հայտնելու համար կան իրավասու անձինք, որից դուրս յուրաքանչյուր քաղաքական գործիչ կարող է իր կարծիքն ունենալ, բայց դա չի նշանակում, թե այդպես է կարծում կուսակցությունը: «Մեր գործողությունները պետք է համահունչ լինեն ՀՀ իշխանության կողմից ԼՂՀ հարցում որդեգրած քաղաքականությանը: Այն, որ ԼՂՀ-ն պետք է լինի Ռուսաստանի կամ մեկ ուրիշ պետության կազմում ակնհայտորեն ոչ մի կապ չունի նշածս քաղաքականության հետ», – ասաց Կորյուն Նահապետյանը:
Tags: ԱԺ ՀՀԿ, Կորյուն Նահապետյան, ՆԱՏՕ
