Ադրբեջանի քաղաքական նորարարությունների և տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Մուբարիս Ահմեդօղլուն նշել է, որ Իլհամ Ալիևի վերաընտրվելը նշանակում է, որ Ադրբեջանը ավելի մեծ վճռականությամբ է պայքարելու «իր պատմական հողերի համար, որոնք օկուպացրել է Հայաստանը»: Նրա խոսքերով՝ վերջին հինգ տարիների ընթացքում Ալիևը միջազգային հանրությանը ներկայացրել է իր մոտեցումները ղարաբաղյան հակամարտության լուծման ռազմական ճանապարհի վերաբերյալ և այն հանգամանքը, որ «Հայաստանը զբաղեցրել է հին ադրբեջանական տարածքներ»:
«Այն հարցում, որ Հայաստանը այսօր նման վիճակում է գտնվում, մեծ է Իլհամ Ալիևի՝ վերջին 5 տարիներին վարած քաղաքականության դերը, որը կշարունակվի: Ամենայն հավանականությամբ շուտով կսկսվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը»,-ասել է Ահմեդօղլուն: Վերջինս նշել է նաև, որ կոնֆլիկտի կարգավորումը Ադրբեջանի շահերի տեսանյունից, ամենևին էլ չի նշանակում, որ այդպիսով կլուծվեն հայ-ադրբեջանական բոլոր խնդիրները:
Tags: ադրբեջան, ԼՂ հակամարտություն, Մուբարիս Ահմեդօղլու